«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայաստանյան կապի երեք օպերատորներն էլ գտնվում են առաջին 1000 խոշոր հարկատուների լավագույն հիսնյակում: Նրանցից «Տելեկոմ Արմենիան» (Team) նախօրեին հրապարակել է 2024 թ. 2-րդ եռամսյակում ընկերության տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ի մասնավորի, պարզվում է, որ ընկերությունը շարժական կապից ստացել է 4,89 մլրդ դրամ եկամուտ, որը 5,5%-ով կամ 256,6 մլն դրամով ավելի է սույն տարվա 1-ին եռամսյակից և գերազանցում է 2023 թ. 2-րդ եռամսյակի ցուցանիշը 5 %-ով կամ 234,3 մլն դրամով։
Շարժական կապի բաժանորդների թիվը 2024 թ. 2-րդ եռամսյակում կազմել է 1 մլն 51 հազար 679։ 2024 թ. 1-ին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1,5%-ով կամ 15 հազար 391 բաժանորդով, իսկ 2023 թ. 2-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է մոտ 9 %-ով կամ 85 հազար 553 բաժանորդով։
Աճել է նաև շարժական ինտերնետ օգտագործողների թիվը։ 2024 թ. 2-րդ եռամսյակում այն կազմել է 761 հազար 137, ինչը գերազանցում է նախորդ եռամսյակի և 2023 թ. 2-րդ եռամսյակի ցուցանիշը՝ համապատասխանաբար 3,3%-ով և 13,4%-ով։ Շարժական ինտերնետի ծառայություններից 2024 թ. 2-րդ եռամսյակում ստացվել է 2,54 մլրդ դրամ եկամուտ՝ գերազանցելով նախորդ եռամսյակի ցուցանիշը 13 %-ով կամ 292,4 մլն դրամով, իսկ 2023 թ. 2-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11,5% կամ 262,8 մլն դրամ։
2024 թ. 2-րդ եռամսյակի դրությամբ ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների մոտ 26 %-ը։
2024 թ. 2-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիան» ամրակցված կապից ստացել է 3,93 մլրդ դրամ եկամուտ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5,2 %-ով կամ 194,4 մլն դրամով։ Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2024 թ. 2-րդ եռամսյակի դրությամբ 96,9 հազար է, 2023 թ. 2-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4,3 %-ով կամ 3,964 բաժանորդով։
2024 թ.-ի 2-րդ եռամսյակի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32,3%-ը:
«Մեր ռազմավարական ծրագիրը՝ 25 Գբ/վ թողունակությամբ գերարագ օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը տալիս է իր դրական արդյունքները։ Հազարավոր բաժանորդներ վերամիանում են ֆիքսված ինտերնետի մեր նոր ցանցին, ինչպես նաև կայուն աճում է նոր բաժանորդների թիվը։ Գոհունակության ցուցանիշը այս ցանցի դեպքում շատ բարձր է, և մենք ակնկալում ենք պահանջարկի ավելացում ապագայում։ Այս ցանցը նաև հիմք է հանդիսանալու Հայաստանի ողջ տարածքում ամենաժամանակակից բջջային ծառայությունների գործարկման համար՝ ապահովելով եկամտի կայուն աճ»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում