«Փաստ» օրաթերթը գրում է.
2024 թվականի ընթացքում որևէ ձեռքբերում չենք ունեցել, իսկ բացթողումներ բավականին շատ ենք ունեցել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:
«Ի սկզբանե նշել էինք, որ 2024 թ. բյուջեն շատ սխալ ու վատ էր պլանավորվել և ուղղված չէր տնտեսական ներուժի ամբողջությամբ օգտագործմանը և տնտեսական զարգացմանը: Տնտեսությունը շարունակեց շնչել և ապրել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտք և Ռուսաստան պատժամիջոցների տրամաբանության ներքո: Ընդ որում, այստեղ ունեցանք մի շարք բացթողումներ, տնտեսությունը չկարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից: Առաջին՝ 2024 թ. ընթացքում ռելոկանտներին չկարողացանք «պահել», և նրանք տեղափոխվեցին այլ երկրներ: Սպառումը նվազեց Հայաստանի Հանրապետությունում նաև նրանց հաշվին: Երկրորդ՝ ավտոմեքենաների առևտուրը. դրանք ներմուծվում էին Հայաստանի Հանրապետություն և արտահանվում Ռուսաստան: Հայաստանի վարած տնտեսական և հարկային ու մաքսային քաղաքականության արդյունքում դրանք նույնպես տեղափոխվեցին այլ երկրներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և այլն, ինչպես նաև Հայաստանում ընդունվեցին կամ նորացվեցին երկակի նշանակության ապրանքների վերաբերյալ իրավական ակտերը, և դրանց պարագայում, փաստորեն, չկարողացանք Հայաստանի Հանրապետությունում վերաարտահանում ձևակերպել: Դրանք հիմնական սխալներն ու բացթողումներն էին»,— նշում է Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարությունը քայլեր չկատարեց՝ ստեղծված իրավիճակը ճիշտ օգտագործելու համար:
Եղել են նաև այլ՝ ընդհանուր սխալներ և բացթողումներ:
«Հայաստանի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել, այսինքն՝ Ռուսաստանի՝ նույն Արևմուտքին մատակարարող գործարանի՝ Հայաստանում տեղակայման վրա որևէ կերպ աշխատանք չի տարվել, ինչպես նաև տուրիստական հոսքերի կրճատում է տեղի ունեցել: 2023 թվականին 50 տոկոսն էին կազմում Ռուսաստանից այցելուները տեսակարար կշռով, իսկ այս տարի՝ արդեն մոտավորապես 42 տոկոս: Նաև տեղի ունեցավ Ռուսաստանից տրանսֆերտների կրճատում: Դրանք բոլորը բացթողումների հետևանքներ են», — հավելում է մեր զրուցակիցը:
Ինչպիսի՞ն կլինի տնտեսական տարին 2025 թվականին պետության և քաղաքացիների համար: Փորձագետներն ահազանգում են հարկային բեռի ավելացման, գնաճի, երկրի պետական պարտքի ահագնացող չափերի մասին: «Պետությանը սպասվում է պարտքերի ավելացում, սպասվում է եկամուտների հավաքագրման դժվարություն: Արդեն հայտարարել ենք, որ 2024 թվականին պլանավորված հարկային եկամուտները թերակատարվելու են, իսկ 2025 թ. պետական բյուջեով հարկային եկամուտների աճն ավելի շատ է կանխատեսվել, հետևաբար և՛ 2024 թվականին չկատարվածը, և՛ 2025 թվականին կանխատեսվող տնտեսական բարդությունները խոչընդոտելու են, որ պետական եկամուտները հավաքագրվեն: Սա նշանակում է, որ պետական պարտքը ծախսելու են ընթացիկ ծախսերի վրա, իսկ դա էլ նշանակում է, որ տնտեսական ներուժն ավելի են մսխելու և սպառելու: Պետական պարտքի այսպիսի ծավալները, բնականաբար, հանգեցնելու են վերջնականում շատ ավելի նոր հարկերի սահմանման, հարկադրույքների ավելացման կամ հարկային բազաների ընդլայնման: Քաղաքացիները, բնականաբար, չեն կարող այս հետևանքը չզգալ իրենց սեփական մաշկի վրա, որովհետև մյուս տարի եկամուտների աճ չի պլանավորվում կամ չի կանխատեսվում, բայց ծախսային աճ կանխատեսվում և պլանավորվում է: Այդ նույն հարկերի բարձրացումը, բնականաբար, ի սկզբանե քաղաքացիների եկամուտը հարկելու վերաբերյալ է, ինչպես նաև համընդհանուր հարկային բարձրացումները, հարկային դրույքաչափերի բարձրացումներն արդեն հանգեցնելու են համընդհանուր գնաճի: 2025 թ. հենց սկզբից արդեն ականատես կլինենք նախ լայն սպառման ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ հանրային ծառայությունների սակագների բարձրացումներին, այնուհետև արդեն տարբեր ապրանքների և ծառայությունների սակագների բարձրացումների, այսինքն՝ շատ ավելի աղքատացման խոստում տվող տարի է սպասվում 2025 թվականին», — ասում է Աուդիտորների պալատի նախագահը:
Շատ փորձագետներ կարծիք են հայտնում՝ այս իշխանությունը, որը հայտնի է իր պոպուլիստական հայտարարություններով ու քայլերով, հարկային բեռի ավելացմամբ իրեն ոչ բնորոշ քայլ է անում: Ստացվում է՝ տնտեսությունը «փրկելու» ուղին մնում է բիզնեսի և քաղաքացու հարկային բեռն ավելացնե՞լը: «Ես սա մեկնաբանում եմ որպես վարվող քաղաքականության տրամաբանական շարունակություն, որովհետև այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը, և հետևողականորեն քանդելու դեպքում, բնականաբար, հարկաբյուջետային քաղաքականությունն ի սկզբանե պլանավորում են սխալ: Երկար տարիներ բարձրաձայնում ենք այդ սխալների մասին, ականջալուր չեն լինում, ու յուրաքանչյուր տարվա ամփոփման ժամանակ իրենք հասկանում են, թե ինչն ենք ճիշտ ասում, և ինչն են իրենք սխալ իրականացրել: Դրանից հետո չփորձել կամ քայլեր չձեռնարկել շտկելու ուղղությամբ, նշանակում է, որ միտումնավոր ծրագիր է: Մի կողմից՝ միշտ բարձրաձայնում եմ իրենց կողմից պետության նպատակաուղղված ապամոնտաժման մասին, բայց երկրորդ կողմից՝ դրան զուգահեռ միշտ խոսում եմ իրենց տգիտության, անգրագիտության մասին: Նույնիսկ իշխանության վեցյոթ տարին բավարար չէր այս մարդկանց հմտությունները, գիտելիքները և այլն ավելացնելու համար, այսինքն՝ սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է: Այս երկու կոմպոնենտները պետք է միշտ զուգահեռ դիտարկենք սրանց պարագայում», — ընդգծում է նա:
Յուրաքանչյուր պետության զարգացման հիմքում ամուր տնտեսությունն է: Քաղաքական քայլերն են ամրապնդում այն կամ խարխլում դրա հիմքերը: Իրավիճակը շտկելու, ինչ-որ բան փոխելու և փրկելու համար իշխանափոխությո՞ւնն է ելքը: «Այո: Մի փոքր հետ գնամ: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործունեությունը մեկնարկեցինք 2024 թ. սեպտեմբերի յոթին: Մինչև այսօր արդեն արմատական փոփոխությունների 16 առաջարկ ենք ուղարկել պետական գերատեսչություններին: Մի կողմից՝ երբ կառավարությունը քայլեր չի իրականացնում, մտածում ենք՝ խելքը չի բավարարում, այսինքն՝ չի հասկանում, թե ինչ իրականացնել, չունի այդ մտքի թռիչքը կամ գիտակցումը, որտեղ փոփոխություններ կատարի: Մյուս կողմից՝ որպես տեխնոկրատ թիմ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը 16 առաջարկ ներկայացրեց երեք ամսվա ընթացքում, դրանցից մեկն է կատարման փուլում: Պետք է հասցնեն մինչև տարեվերջ իրավական ակտեր, օրենք ընդունել, մնացածի պարագայում չեն էլ գիտակցում, թե ինչի մասին ենք ահազանգում: Պատասխանում են, որ լրացուցիչ հիմնավորման, ուսումնասիրման կարիք կա և այլն։ Ստացվում է, որ գաղափարը կա, իրագործումը կառավարությունը չի անում: Եթե գաղափարը կա, և ակնհայտ հաշվարկված է դրա ակնկալվող արդյունքը, բնականաբար, արդեն դերակատարի վրա է խնդիրը մնում: Դերակատարն անկարող է, հետևաբար դերակատարին պետք է փոխենք: Սրանից հետևություն՝ կառավարությանը անհապաղ պետք է հեռացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանանք փրկել», — եզրափակում է Նաիրի Սարգսյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում