Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
«Դեռ 2018 թվականին, երբ մենք բոյկոտեցինք ընտրությունները, ասացինք, որ չենք լեգիտիմացնի հակաիրանական, հակառուսական նախագիծը և կոչ ենք արել ընտրողներին՝ բոյկոտել ընտրությունները»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
«Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության ոչ այնքան արցախյան հարցն ըստ Բոլթոնի պլանի լուծելու համար, այլ հիմնական խնդիրն Իրանի հետ կապված հարցն էր, միջանցքի հետ կապված հարցը, և մնացած հարցերն ուղղակի դրան նպաստող էին»,-ասաց Արամ հարությունյանը։
Անդրադառնալով Փելոսիի հայտնի արտահայտությանը, որ Միացյալ Նահանգներն աշխարհի համար պետք է դառնա լույս, ոչ թե հրթիռ, նա նշում է, որ Միացյալ Նահանգները լույս է, բայց` հրթիռն արձակելու ժամանակ առաջացող լույս։ Հարությունյանը հավելում է, որ Հայաստանին լավ բաներ չեն սպասվում Փելոսիի այցից հետո, և այն հիմնականում հակառուսական, բայց ավելի շատ հակաիրանական բնույթ էր կրում։
Անդրադառնալով Փելոսիի՝ ժողովրդավարության մասին հայտարարությանը, վերջինս ասաց․ «Ամերիկյան ժողովրդավարության մասին տարբեր առիթներով ասել եմ, որ իրենք պիտի ժողովրդավարությունը ոչ թե արտահանեն, այլ պաշտպանեն։ Հենց մենակ այն, որ իրենք չարձագանքեցին դատարանների դեմ գնալուն, դատարանների նկատմամբ ճնշումներին, ոստիկանության բռնություններին` ցույցերի ու հանրահավաքների ժամանակ և այլն։ Մենք հասկանում ենք, որ ամերիկյան պետությունն օգտագործում է երկակի ստանդարտներ, և իրենց հիմնական խնդիրը իրենց հրթիռները հասցնել այնտեղ, որտեղ իրենց նպատակն է»,-ասաց Հարությունյանը։
Նա նկատում է, որ Իրանը Հայաստանի սահմանների փոփոխելիության մասով ունի հստակ դիրքորոշում, իսկ Ռուսաստանն ունի թե խաղաղապահի, թե դաշնակցի պարտավորություններ` Հայաստանի նկատմամբ, և եթե Ռուսաստանը որևէ քայլ անի այդ ուղղությամբ, Ադրբեջանը հանգիստ կարող է պահանջել Ռուսաստանից՝ հանել իր խաղաղապահ զորքերն Արցախից։
«Փելոսիի այցը, որ օդանավակայանից գալիս էր, կներեք արտահայտության համար, տռասսայի վրա շարվել էին ամերիկա-թուրքական թիթեռնիկները՝ իրար հրմշտում էին, թե ով ավելի լավ կերևա, ով ավելի մոտ կլինի այդ շարասյանը, ընդ որում` բացահայտվեցին այդ մարդիկ»,-ասաց Հարությունյանը և ավելացրեց, որ դա ամերիկյան, սորոսական շքերթ էր, այդ մարդկանց համար հայրենիք չկա։
«Այսօրվա իշխանությունը, կարելի է ասել, հայտնի ֆիլմ կա Պիտկինի մասին, Պիտկինի նման է իրեն պահում, բայց այնպես չի, որ Պիտկինը հայրենասեր չէ…»,-ասաց Հարությունյանը։ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի դրական կողմն այն է, որ վերջինս անկեղծ նախապես զգուշացնում է, թե ինչ է պատրաստվում անել։
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմանը, մեր զրուցակիցն ասաց, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի մարտի 1-ին ընդուներ կաթողիկոսին, այս իրականությունը չէինք ունենա, համակարգը չէր փոխվի, Նիկոլ Փաշինյանը չէր գա իշխանության և այլն։ Հարությունյանը հավելում է, որ հայտնի ելույթից հետո բազմահազարանոց հավաքի հասցեն սխալ էր՝ պետք էր գնալ կառավարություն, և ավելի ճիշտ է գնալ մեկի՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։
«Այդ նույն բերողները, որ ասում էին՝ գնանք այդ 18-ին բերենք, թող գնային Իշխան Զաքարյանին բերեին՝ ստորագրեր։ Այսօր, կոպիտ ասած, Իշխան Զաքարյանը թռած ա, պետք չի այդ տասնյութը, Իշխան Զաքարյանի հարցը մի հատ լուծեք՝ հասցեն էլ գիտեք, խմբակցությունն էլ գիտեք, կներեք, ականջից բռնեք բերեք, ասեք` էդ ո՞ւր ես փախել, էդ մանդատդ դիր, մանդատն ինչի՞ ես վերցրել»,- շեշտում է Արամ Հարությունյանը։
Նա հավելում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը տեխնիկայի հարց է, եթե քվոտաներով այդ մարմինը ստեղծվի։
«Ես մի քիչ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված վերապահումներ ունեմ՝ անկախ ամեն ինչից, բայց այդ պայմաններում, ես էլի համաձայն եմ, եթե ինքն իր մեջ ուժ է գտնում, ի վերջո` Նիկոլն իր արտադրանքն է, Նիկոլն իր թրթուրն է, Նիկոլին ինքն է Նիկոլ դարձրել։ Ինքը Նիկոլի հոգևոր հայրն է, ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի և Սորոսի, այսպես ասած, հոգեզավակն է՝ հիմա հայրությունը Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունում, բայց դա այդպես է»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ մենք դեռ 2008 թվականի մարտի մեկի ցնցումների տակ ենք մնացել, ու եթե չլիներ մարտի մեկը, Նիկոլ Փաշինյանը երբեք իշխանության չէր գա։
Անդրադառնալով ընդդիմությանը, Հարությունյանը կոչ է անում նրանց` հաշտություն կնքել միմյանց հետ ու պահել խաղի կանոնները, սակայն դա չի նշանակում, որ սխալվող քաղաքական ուժի սխալների մասին պետք չէ բարձրաձայնել՝ հակառակը, պետք է ազնիվ լինել հանրության հետ։
«Տիկին Փելոսիի այցը ցույց տվեց, թե մեր պետությունն ինչքան զավեշտալի իրավիճակում է, ոչ մի ինստիտուտ չի աշխատում, այսօրվա մեր իշխանությունը ինստիտուցիոնալ իմաստով մուտիլովշչիկ է»,-ասաց Հարությունյանը։
Նա համոզված է, որ երեք օրվա ընթացքում կարելի է Նիկոլ Փաշինյանի հարցերը լուծել, պարզապես մարդկանց պետք է ուղղորդել կառավարության շենք ու ասել, որ ոչ մի տեղ չեն գնալու՝ մնալու են այդտեղ, մինչև Փաշինյանը հրաժարական տա։ Հարությունյանը շեշտում է, որ Փաշինյանը մահապարտ է և լավ գիտի, եթե Հայաստանում չլինի իրեն պաշտպանող այդ մի քանի հազար մարդը, ինքը չի կարող Հայաստանում մնալ, իսկ Ռուսաստանը երաշխիք չի տա մի մարդու, ով խնդիրների ու ծախսերի մեջ է գցել Ռուսաստանը, ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այնտեղ էլ Նիկոլ Փաշինյանին չեն գտնի։