Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ինչ է կանխատեսվում

302

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա նշեց նաև, որ այդ երկրները գործել են վարձկանների օգնությամբ, իսկ որոշ իրանցիներ արտասահմանում օգնել են նրանց։

«Իրանի հոգևոր առաջնորդի ասածները ճիշտ են, քանի որ վերջին օրերին Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաները վերածվել են ցեղային և ազգային փոքրամասնությունների անջատողական զինյալ պայքարի։ Արդեն բացահայտվել են դեպքեր, երբ թե՛ քրդերը, թե՛ բելուչները մաքսանենգության ճանապարհով փորձել են մեծ քանակությամբ զենք ներկրել և բաժանել այն շրջաններում, որտեղ տեղի են ունենում զանգվածային ցույցերը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։ Մեր զրուցակցի պնդմամբ, ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են օգտվել հենց այդ իրողությունից և շահարկելով ստեղծված իրավիճակն ու ներքին խլրտումներ թեժացնելով՝ ձգտում են քաոսի տանել Իրանը։

«Իրանի հարավ-արևելյան Զահեդան շրջանը, կարծեք, վերածվել է Սիրիայի, մեծ մարտեր են տեղի ունեցել և արդեն մեծ քանակությամբ զոհեր կան թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների շրջանում»,-ասաց իրանագետը։ Նա նաև հիշեցրեց Ալիևի՝ մեկ տարի առաջ արած այն հայտարարությունը, որ եթե Իրանը հարձակվի Ադրբեջանի վրա, Թեհրանում տեղի կունենա «ադրբեջանցիների եղբայր պակիստանցիների շքերթը»։

Առաքելյանի համոզմամբ, դա այն ակնարկն էր, ինչն այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանում։ Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Իրանը և Ադրբեջանը ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնել, մեր զրուցակիցը նշեց հետևյալը․ «Իրականում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Իրանի գլխավոր շտաբի պետի հետ զրույցում փորձել է թուլացնել կրքերն ու սահմանների հնարավոր փոփոխության հետ կապված Թեհրանի մտահոգությունները՝ նշելով, թե Բաքուն, իբր, աչք չունի հայկական հողերի վրա և որ առկա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ու բարեկամության ճանապարհով»։

Իրանագետի համոզմամբ, խոսքը երկու երկրների միջև առկա ռազմական համագործակցության շրջանակում նախատեսված սահմանային զորավարժությունների մասին է, որոնք միտված են մաքսանենգության կանխարգելմանը, սահմանների ընդհանուր պահպանությանը և այլն։ Ուստի, Առաքելյանի խոսքով, դրանք ոչ մի սպառնալիք չեն կարող ներկայացնել Հայաստանի ու Արցախի համար։