Կրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ

Մեխիկոյի մոտակայքում գտնվող Թեոթիուական հնագիտական գոտում տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով զոհվել է Կանադայի մի քաղաքացի, ևս 13 մարդ ստացել է վնասվածքներ։ Այս մասին հայտնում են Reuters և Milenio գործակալությունները՝ հղում անելով ոստիկանությանը։

Ականատեսների վկայությամբ՝ 27-ամյա տղամարդը բարձրացել է Լուսնի բուրգ և անկանոն կրակ բացել՝ վանկարկելով տարբեր արտահայտություններ։ Նրա մոտ եղել է նաև պլանշետ։

Միջադեպից հետո նա ինքնասպան է եղել։ Նրան նույնականացրել են որպես Մեխիկոյի բնակիչ Խուլիո Սեզար Հասսո Ռամիրես։ Դիակի մոտ հայտնաբերվել է արհեստական բանականության միջոցով ստեղծված նկարով լուսանկարի շրջանակ, որտեղ նա պատկերված է եղել «Կոլումբայն» դպրոցի վրա հարձակման մասնակիցների հետ։

Տուժածների թվում կան ԱՄՆ-ի, Կոլումբիայի, Բրազիլիայի, Կանադայի և Ռուսաստանի քաղաքացիներ։ ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ Ռուսաստանի քաղաքացին գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա վիճակը կայուն է։

Թեոթիուականը Մեքսիկայի խոշորագույն հնագիտական համալիրներից մեկն է և զբոսաշրջային հայտնի վայր, որն ամեն տարի միլիոնավոր այցելուների է ընդունում։ Ակնկալվում է, որ տեղի ունեցածից հետո իշխանությունները կխստացնեն նմանատիպ օբյեկտների անվտանգության միջոցառումները։

Կիսվել սոց․ ցանցերում
Media24.am