Փաշինյանը զոհերի նոր թիվ հայտնեց

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոչնչով չհրահրված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, Գեղամասար բնակավայրը։ Ցանկանում եմ հստակ նշել, որ սա ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից։

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։

Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև Կեչուտի ջրամբարը։

Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Այս ակնհայտ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների տեսանյութերը տարածվում են և արժանանում սոցցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերերի բարձր գնահատականին:

Անկասկած, նման աննկարագրելի վայրագությունների իրականացումը քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հայատյացություն և թշնամանք սերմանելու երկարամյա քաղաքականության ուղղակի հետևանքն է»,– նշել է Փաշինյանը