Երևանն ու Բաքուն պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ. սա խաղաղության պայմանագրի հիմքն է. Բայրամով

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի շուրջ։ Սա խաղաղության պայմանագրի հիմքն է։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրի հետ կապված, հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման տարբեր ոլորտների շուրջ։

Բայրամովը նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբում բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի հիման վրա կարևոր է գործնական աշխատանք սկսել հաղորդակցությունների բացման ուղղությամբ։

Նա ասել է, որ արդեն ստեղծվել են սահմանազատման հանձնաժողովներ, այս պահին երկու հանդիպում է կայացել։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել երրորդ հանդիպումը։

Հիշեցնենք, որ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաքում կայացել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: