Վաղաժամ ծնված ու սառած հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է

Լքված նորածնի առողջական վիճակը շարունակում է մնալ բավարար։ Այս մասին «Փաստինֆո»-ին փոխանցում են առողջապահության նախարարությունից։

«Կյանքին սպառնացող վտանգներ չկան, երեխայի վիճակը գնահատվում է բավարար»,-նշել են նախարարությունից։ Փոքրիկը շարունակում է շնչել CPAP սարքի միջոցով։

Նշենք, որ նախօրեին ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության գծով փոխտնօրեն, Նորածինների վերակենդանացման, ինտենսիվ բուժման և խնամքի երկրորդ էտապի բաժանմունքի վարիչ Արշակ Ջերջերյանը հայտնել էր, որ նորածինը վաղաժամ է ծնվել՝ ոչ հիվանդանոցային պայմաններում, ունի շնչական խնդիրներ, երեխային սառած են գտել։

«Փաստինֆո»-ն գրել էր, որ երեխայի որդեգրման գործընթացը հեշտ չէ, պարզապես ցանկության կամ որևէ այլ հանգամանքի հիման վրա այն չի կարող կազմակերպվել և քանի որ երեխան համարվում է նոր հայտնաբերված, նա չի կարող համարվել որդեգրման ենթակա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ միջոցներ են ձեռնարկում մորը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում
Media24.am