ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան համաձայնել է շուկա բաց թողնել դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» իր ռազմավարական պահուստներից: Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Թրամփն այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում՝ հավելելով, որ այդ գործընթացը կսկսվի անմիջապես։
Այս համաձայնությունը ձեռք է բերվել Վաշինգտոնի կողմից գործադրված լուրջ ճնշումների ֆոնին, քանի որ ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվող միջանկյալ ընտրություններից առաջ դիզելային վառելիքի գները հասել էին ռեկորդային բարձր մակարդակի: Գների նման թանկացումը պայմանավորված է Իրանի դեմ պատերազմով և Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներով։
Ճգնաժամը մեղմելու համար Թրամփի վարչակազմը սպառնում էր արգելել կամ խիստ սահմանափակել ԱՄՆ-ից դիզելի արտահանումը։ Քանի որ Եվրոպան խիստ կախվածության մեջ է ամերիկյան մատակարարումներից, նման քայլը աղետալի հետևանքներ կունենար եվրոպական տնտեսության համար։ Որպես այլընտրանք, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը Եվրոպայից, հատկապես Ֆրանսիայից ու Գերմանիայից, պահանջում էր անհապաղ բացել ռազմավարական պահուստները։

