Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային գաստրոնոմիայի ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանի վրա, որտեղ տեղական խոհանոցային մշակույթն ու հյուրընկալության ոլորտը թևակոխում են զարգացման որակապես նոր փուլ: Հատկանշական է, որ Հայաստանով սկսել են հետաքրքրվել հեղինակավոր Michelin Guide-ի տեսուչները, ինչն արդեն իսկ վկայում է տեղական ոլորտի նկատմամբ միջազգային աճող հետաքրքրության մասին:

Նրանք շրջում են աշխարհով մեկ՝ չբացահայտելով իրենց ինքնությունը, այցելում ռեստորաններ, պատվիրում ուտեստներ, գնահատում խոհանոցի որակն ու սպասարկումը: Հաճախ հաստատությունների սեփականատերերն անգամ չեն կասկածում, որ իրենց հյուրերի թվում են հեղինակավոր Michelin Guide-ի տեսուչները: Հենց նման անկախ գնահատումների հիման վրա են շնորհվում Michelin-ի հեղինակավոր աստղերը, որոնք համարվում են համաշխարհային գաստրոնոմիայի ամենաբարձր գնահատականներից մեկը: Հյուրանոցների համար գործում է առանձին՝ Michelin Keys մրցանակային համակարգը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Michelin-ի ներկայացուցիչներն արդեն այցելել են Հայաստան և ուսումնասիրել տեղական ռեստորանային ու հյուրանոցային ոլորտը: Ո՞ր հաստատություններն են նրանք այցելել, արդյո՞ք այդ այցերը կապված են եղել պաշտոնական գնահատման հետ, և ամենակարևորը՝ կարո՞ղ է հայկական ռեստորաններից որևէ մեկն արժանանալ Michelin-ի առաջին աստղին:

Michelin-ի տեսուչների այցը Հայաստան լուրջ հետաքրքրություն է առաջացրել տեղական ռեստորանային ու հյուրանոցային ոլորտում, քանի որ նրանց գնահատականները կարող են ամբողջությամբ փոխել հայկական գաստրոնոմիայի քարտեզը: Թե ում բաժին կհասնի համաշխարհային ճանաչում ունեցող այդ հեղինակավոր մրցանակը, «Փաստը» կներկայացնի առաջիկայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում
Media24.am