Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն դեպարտամենտների ոստիկանապետներին հանձնարարել է անկարգությունների ֆոնին մի շարք քաղաքներում պարետային ժամ սահմանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:
«Ես խնդրել եմ ոստիկանապետներին այս երեկո պարետային ժամ սահմանել մի քանի շրջանում, մասնակի պարետային ժամ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով անկարգությունների կապակցությամբ հրավիրված ճգնաժամային շտաբի նիստից հետո։
Նրա խոսքով՝ ոստիկանապետներն այս հարցում կգործեն ընտրողաբար, կոնկրետ տարածքներում։
«ՆԳՆ-ն ավելի ուշ քարտեզ կկազմի, որտեղ կգործի այս ռեժիմը: Նպատակը ոչ միայն քաղաքացիների, այլև առևտրային կետերի պաշտպանությունն է», – նշել է վարչապետը։
Լեկոռնյուն հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կարող է արտակարգ դրություն հայտարարվել, սակայն այս պահին «մասնակի պարետային ժամ սահմանելու միջոցներն ավելի ընդունելի են»։
Ըստ գնահատումների՝ անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 2000 բիզնես։
Վարչապետը նաև հայտարարել է երկրում տեղի ունեցած անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 17-18-ին Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են տեղի են ունեցել վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ։ Դրանք ուղեկցվել են անկարգություններով, թալանով և հրկիզումներով։ Ձերբակալվել է շուրջ 2400 մարդ, 1000 իրավապահ տուժել է։

