Մալխաս Ամոյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճեց տիտղոսը՝ եզրափակիչում 7:2 հաշվով պարտության մատնելով մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։

23-ամյա ըմբիշը առաջին մրցափուլը մեծ ակտիվությամբ սկսեց եւ պարտերում վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: 2-միավորանոց գլորումով հաշիվը դարձրեց 3:0:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը ցանկանում էր երկրորդ գլորման գնալ, բայց մրցակցին հաջողվեց կանգնել եւ աշխատանքային գոտուց դուրս հրել Ամոյանին:

Մրցակիցները գնացին հանգստի 3:1 հաշվով՝ Ամոյանի առավելությամբ: Երկրորդ մրցափուլում Ամոյանը եւս 4 միավոր ավելացրեց հաշվին՝ երկու միավորանոց գցում եւ գլորումով: Մրցակցին հաջողվեց եւս մեկ միավոր վաստակել կրկին աշխատանքային գոտուց դուրս հրելով Ամոյանին: Գոտեմարտն ավարտվեց 7:2 հաշվով՝ Ամոյանի չեմպիոնությամբ:

Աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Մալխաս Ամոյանը Հայաստանի եռագույնով հաղթական շրջանը կատարեց իր հորեղբոր, Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի հետ:

77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ամոյանը մրցել էր ճապոնացի Նաո Կուսակայի հետ եւ կամային հաղթանակ տարավ 9:5 հաշվով:

Ամոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 1:1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Մոխթարիին, 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնել Էմանուել Ալեքսիս Բենիտես Կաստրոյին, քառորդ եզրափակիչում էլ 2:1 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ակիլբեկ Տալանտբեկովի նկատմամբ:

Քիչ անց 87 կգ քաշային Գեւրոգ Թադեւոսյանը չեմպիոնի տիտղոսը կվիճարկի Հունգարիայի ներկայացուցիչ Իշտվան Տակաչի հետ: