«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձից հետո ձևավորված քաղաքական և փորձագիտական արձագանքները ցույց են տալիս, որ նոր Սահմանադրության շուրջ ոչ միայն չի առաջացել հանրային կամ քաղաքական համաձայնություն, այլև ավելի են հստակեցվել ու սրվել երեք առանցքային հակադրություններ՝ պետական ինքնության, խաղաղության պայմանների և իշխանության լեգիտիմության շուրջ։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը փաստացի մերժել են վարչապետի առաջարկած սցենարը՝ հանդես գալով թե՛ քաղաքական հակափաստարկներով, թե՛ գործընթացի այլընտրանքային տրամաբանությամբ։
Իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը փորձել է նոր Սահմանադրության ընդունումը ներկայացնել որպես պատմական անհրաժեշտություն՝ պնդելով, որ գործող Սահմանադրությունները չեն ընդունվել ազատ կամարտահայտությամբ, իսկ Երրորդ Հանրապետությունը ձևավորվել է «հակամարտության տրամաբանությամբ»։ Ըստ վարչապետի ձևակերպման, հռչակվող Չորրորդ Հանրապետությունը պետք է հիմնվի խաղաղության, անվտանգության, բարեկեցության և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, իսկ նոր Սահմանադրության 8-րդ հոդվածով խաղաղության ապահովումը ամրագրվում է որպես արտաքին քաղաքականության նպատակ։ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունը ուղղակիորեն կապել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման հետ՝ միաժամանակ փորձելով քաղաքական գործարք առաջարկել ընդդիմությանը։ Քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» չունի հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ ձայները, Փաշինյանը պահանջել է վեց ձայն ընդդիմությունից՝ դրա դիմաց խոստանալով Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական տալ, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններում չառաջադրվել վարչապետի թեկնածու։
Սակայն ընդդիմադիր դաշտը չընդունեց առաջարկված խաղի կանոնները՝ համարելով, որ հանրաքվեի նշանակմանը մասնակցելը կնշանակի նախապես լեգիտիմացնել մի գործընթաց, որի բովանդակությունն ու արտաքին քաղաքական շարժառիթները խորապես վիճելի են։ Խորհրդարանական ուժերից ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շեշտը դրեց պետական ինքնության և նախագծի բովանդակության վրա։ Խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենց 29 պատգամավորները չեն քվեարկելու նոր Սահմանադրության հանրաքվեի օգտին՝ նախագիծը գնահատելով որպես ոչ ժողովրդավարական և ընդգծելով, որ Հայաստանի Մայր օրենքը չի կարող ընդունվել որևէ արտաքին ուժի, այդ թվում՝ Ադրբեջանի պահանջով։ Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիանա Մանուկյանը, նշեց, որ Անկախության հռչակագրի հղման բացակայությունը հաստատում է իրենց նախկին մտահոգությունները և փաստացի դուրս է մղում համազգային նպատակները, ներառյալ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, ինչի պատճառով խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել նախագծի բովանդակային քննարկմանը։ Թեև այս մարտավարությունը թույլ է տալիս չլեգիտիմացնել գործընթացը, այն պարունակում է նաև որոշակի քաղաքական ռիսկ, քանի որ իշխանությունը կարող է քննարկումից հրաժարվելը ներկայացնել որպես այլընտրանքային լուծումների բացակայություն։
Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» դաշինքը, նույնպես հայտարարեց առաջարկի մերժման մասին։ Դաշինքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը նշեց, որ մերժում է Նիկոլ Փաշինյանի առաջարկը և նրա հետ որևէ բանակցություն անհնար է համարում՝ մատնանշելով ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող ձերբակալություններն ու քրեական հետապնդումները։ Խաչատրյանի խոսքով, ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հեռացումը, որպեսզի Սահմանադրությունը չփոխվի այնպիսի պայմաններում, որոնք կարող են Հայաստանը վերածել Ադրբեջանի վասալ պետության կամ գաղութի։ Այսպիսով՝ «Հայաստան» դաշինքը հրաժարականի խոստումը չի դիտարկում որպես վստահելի երաշխիք և հրաժարվում է մտնել իշխանության նախանշած հանրաքվեական սցենարի մեջ։
Խորհրդարանական ընդդիմության արձագանքներից բացի, արտախորհրդարանական ուժերից «ՀայաՔվեն» հանդես է եկել համապարփակ քաղաքական հակադարձմամբ՝ Փաշինյանի ուղերձը բնութագրելով որպես արտաքին ճնշման պայմաններում պարտադրվող սահմանադրական փոփոխության փորձ, որը մատուցվում է խաղաղության և ազատության քողի տակ։ Հայտարարության մեջ մատնանշվում են Արցախի կորուստը, Հայաստանի ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումները, 2026 թվականի ընտրությունների արդյունքների կեղծման վերաբերյալ պնդումները, ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները, ինչպես նաև ազգային նպատակներից և Անկախության հռչակագրի հետ սահմանադրական կապից հրաժարվելու վտանգը։ «ՀայաՔվեի» դիրքորոշման առանձնահատկությունն այն է, որ այն չի սահմանափակվել միայն մերժմամբ, այլ առաջարկել է գործընթացի այլ հերթականություն՝ Փաշինյանի անվերապահ հրաժարական, ԱԺ երեք խմբակցությունների մասնակցությամբ քաղաքականապես չեզոք ժամանակավոր կառավարության ձևավորում՝ վեց ամսվա ընթացքում ազատ և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև խաղաղության գործընթացի ու սահմանադրական փոփոխությունների տարանջատում, որպեսզի նոր իշխանությունը բանակցությունները վարի հանրային մանդատի հիման վրա, իսկ Սահմանադրության հարցը քննարկվի բացառապես որպես ներքին օրակարգ։
Քաղաքական բանավեճին զուգահեռ՝ սահմանադրական իրավունքի մասնագետները մատնանշում են մեկ այլ, ոչ պակաս կարևոր դրվագ՝ Անկախության հռչակագրի շուրջ ծավալված բանավեճի իրական նշանակությունը։ Նրանք նշում են, որ Անկախության հռչակագրի շուրջ ծավալված բուռն վեճը կարող է ծառայել որպես «խայծ»՝ հանրության ուշադրությունը շեղելու նախագծի այլ, առավել էական փոփոխություններից, որոնց իրական նպատակը գործող իշխանության դիրքերի հետագա ամրապնդումն է։ Նախագծի առանձին դրույթների՝ մասնավորապես Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտի, առանձին նախարարներին անվստահություն հայտնելու ԱԺ լիազորության, դատավորների և ԲԴԽ անդամների վերագնահատման մեխանիզմների շուրջ սկսվող քննարկումները ցույց են տալիս, որ եթե ընդդիմությունն ու հանրությունը կենտրոնանան միայն նախաբանի խնդրի վրա, կարող են տեսադաշտից բաց թողնել պետական կառավարման համակարգի և իշխանությունների հավասարակշռության խորքային վերաձևումները։
Միջազգային արձագանքների համատեքստում ևս առանձնացվում է այն հանգամանքը, որ նախագծից հանվում է Անկախության հռչակագրի հիշատակումը, ինչը Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներից մեկի վերացում։ Թեև արտաքին դիտարկումներն ինքնին չեն ապացուցում, որ տեքստը գրվել է Բաքվի թելադրանքով, այդ համընկնումը ընդդիմությանը լուրջ փաստարկ է տալիս՝ վիճարկելու վարչապետի պնդումն այն մասին, թե փոփոխությունը բացառապես Հայաստանի ինքնիշխան որոշումն է։
Այսպիսով՝ Փաշինյանի ուղերձը փոխեց քաղաքական բանավեճի բնույթը՝ սահմանադրական փոփոխությունը կապելով Արցախյան հակամարտության պատմական գնահատականի և խաղաղության խոստման հետ, սակայն չկարողացավ հիմնավորել, թե ինչպես է Հայաստանի Մայր օրենքի փոփոխությունը երաշխավորելու Ադրբեջանի կողմից պայմանագրի ստորագրումն ու անշրջելի խաղաղությունը։ Ստեղծված իրավիճակում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության գլխավոր խնդիրն է դուրս գալ զուտ հակադրվելու դաշտից, հանրությանը ներկայացնել գործող և առաջարկվող Սահմանադրությունների համապարփակ մասնագիտական համեմատականը, հստակեցնել ժամանակավոր կառավարության ծրագրային մեխանիզմները և ցույց տալ, որ խաղաղությունը, անկախությունն ու ազգային ինքնությունը միմյանց չեն բացառում, իսկ պետականության հիմքերի վերանայման անհրաժեշտությունը դեռևս ապացուցված չէ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

