Իրավիճակ է փոխվել․ Ամերիկյան երկու ուղերձ Հայաստանին

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Անվտանգային հարցերում ԱՄՆ-ն Հայաստանում ակտիվ չի եղել, բայց հիմա իրավիճակը փոխվում է, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Նա ասել է, որ ԱՄՆ-ն Հայաստանում ակտիվ չի եղել, քանի որ Հայաստանում ռուսական ռազմաբազա կա և Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին, որի կազմում է նաև Ռուսաստանը։

«Մենք մի քիչ ավելի մեծ դեր կարող ենք խաղալ ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անվտանգության տիրույթում, և ես կարծում եմ, որ մտահոգիչ է, որ ռուս խաղաղապահներն Արցախում նույնպես վտանգված են ինչ-որ առումով, որովհետև Ռուսաստանը կարող է որոշել, որ այլևս չի ցանկանում այնտեղ խաղաղապահ զորք ունենալ» ասել է Փալոնը: Կոնգրեսականը Հայաստանին խորհուրդ է տալիս ավելի սերտ շփումներ ունենալ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ, «միգուցե անհրաժեշտություն է այդ ուղղությամբ նայելն այս պահին Հայաստանի համար, որովհետև ռուսական անվտանգության պակտը կարծես թե Հայաստանը չի ընդգրկում»։

Երեկ Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին հարցին այսպես է պատասխանել․ «Որևէ կոնկրետ հայտարարություն դրա վերաբերյալ այսօր չունեմ, բայց խոսնակ Փելոսին շատ հստակ անդրադարձ արել է։ Ակնհայտ է, որ տարածաշրջանում բալանսը փոխվում է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները։ Միգուցե, որոշ ուժեր այլևս այնքան արմատական չեն, ինչպես եղել են։ Եվ վստահաբար կլինեն փոփոխություններ: Այս պահին քննարկումներ տեղի են ունենում, մասնավորապես, այն մասին, թե ինչ հարաբերություններ կզարգանան՝ ներառյալ անվտանգային տիրույթում։ Այս քննարկումները բավական ինտենսիվ են ընթանում»:

Ամեն ինչ ասված է պարզ, առանց ենթատեքստերի։ Ընդհանրապես, հիմա աշխարհում բոլորն ուղիղ են խոսում՝ աշխարհակարգ է փոխվում, դիվանագիտական խրթին ձեւակերպումների ու սեթեւեթանքների ժամանակ ու կարիք չկա։ Նույնքան պարզ ամերիկացի օրենսդիրները հայտարարում են այն մասին, որ ՀՀ իշխանությունը մեղմ ասած անհրաժեշտ քայլեր չի կատարում անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերում, համարժեք չլինելով համաշխարհային փոփոխություններին։

Հայկական քաղդասն ընդհանրապես, եւ մասնավորապես խորհրդարանը կազմող ուժերն իրենց պրիմիտիվ ու կոլաբորանտ բնույթով գործընկեր չեն համաշխարհային փոփոխությունների ժամանակաշրջանում, ինչն էլ Հայաստանը դարձնում է այդ փոփոխությունների օբյեկտ ու թիրախ։ Տարիներ առաջ ամերիկյան փորձագիտական հանրույթը, որի վերլուծական զեկույցները դրվում են Պետդեպի ու Պենտագոնի մշակումներում, Հայաստանն «արժեւորել էր» այլ տեսանկյունից՝ 2010-ականների կեսերին լիովին ռուսականացված երկիրը՝ ԵՏՄ բռնակցում, բոլոր ենթակառուցվածքների վերջնական օտարում, ռուսական ուժային լառույցներին բանակի «ինտեգրում» եւ այլն, ինչ տեխնոլոգիայով է դուրս բերվելու այդ իրավիճակից։

Դա իսկապես բարդ ու փորձագիտական մտքի համար հետաքրքիր խնդիր էր։ Միեւնույն ժամանակ, հայկական քաղդասի, փորձագիտական շրջանակների ու զլմ-ների գերակշիռ մասի ռուսահպատակության ու ծայրահեղ դեգրադացվածության պայմաններում որեւէ տեխնոլոգիա չէր կարող աշխատել, ինչն էլ անխուսափելի էր դարձնում հայկական կորուստները։ Դրանք ավելի են մեծանում հայկական գործոնի եւ իրավունքների փաթեթի գիտակցման բացակայության կամ դիտավորյալ անտեսելու պատճառով։

Իսկ աշխարհում շատ լավ գիտեն հայկական գործոնի իրական ուժը, մասնավորապես՝ Մոսկվան ու Անկարան, եւ նրանց համատեղ ագրեսիայի ծավալն ուղիղ համեմատական է հայկական գործոնի ուժին։

Ռուսաստանը հեռանում է՝ Հայաստանը եւ Կովկասյան տարածաշրջանը թուրքերին հանձնելով։ Հայկական գործոնի չեզոքացման, ըստ այդմ՝ հայկական պետականության վերացման ռուս-թուրքական պլաններն անհնար կլինեին, եթե Հայաստանում լիներ սեփական գործոնի եւ իրավունքների գիտակցում, դրանք համաշխարհային զարգացումների համատեքստում դիտարկելու կարողություն ու հայտ։ Ռուսաստանին հայե՛րը պետք է ճանապարհեին, ոչ թե մինչեւ վերջ կառչեին նրանից՝ անխուսափելի կորուստներով, եւ դա էր նոր աշխարհակարգում Հայաստանի քաղաքական հայտի ու սուբյեկտության գրավականը։

Lragir.am