Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանական կողմը մինչև այս պահը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հստակ է՝ երբ կսկսվեն որոնողական աշխատանքները, որ ուղղություններով և ինչու մինչև հիմա հնարավոր չէր սկսել այդ աշխատանքը։
Թորոսյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:
«Ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ։ Պիտի արձանագրենք նաև, որ մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը», — ասաց Թորոսյանը։
Աստանայում, հոկտեմբերի 14-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը։
«Իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող միջդիրքային գոտիներում», — ասել էր գործադիրի ղեկավարը՝ նշելով, որ պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։
«Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», — ասել էր Փաշինյանը։
Վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած է 29 մարդ։