Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը․ մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն իր 19-ամյա որդուն․ Աննա Հակոբյան

256

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Դավաճանությունը մահ է. Դավաճանության պահին արձանագրվում է մահ, մեռնում են այն հարաբերությունները, որ մինչ այդ գոյություն են ունեցել կամայական երկու սուբյեկտների միջեւ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Նա նաեւ նշել է. «Իսկ այն ինչ մահացած է պետք է թաղվի, այլապես կնեխի:

Երբ դավաճանություն է տեղի ունենում ամուսինների միջեւ, մարդիկ սկսում են վիճել, թե ով էր դրա մեղավորը, փնտրում են կատարվածի պատճառահետեւանքային կապերը, եւ դեպքերի գերակշիռ մեծամասնության պարագայում պարզապես հեռանում են իրարից:

Այդպիսով պատժում են իրար եւ միեւնույն ժամանակ նոր հարաբերություն են փնտրում, հույսով, որ այն իրենց երջանկություն կբերի: Միմյանց մեղադրելու ամբողջ աղմուկի մեջ սակայն մոռանում են արձանագրել մահը եւ հողին հանձնել մահացածին: Այդպիսով ամենքն իր մեռելին շալակում է եւ գնում նոր հարաբերություն, նոր երջանկություն գտնելու:

Երբ դավաճանություն է տեղի ունենում հայրենիքի եւ հայրենիքի զավակի միջեւ, ամեն ինչ նույնն է: Մահանում են այդ երկուսի մեջ մինչ այդ եղած հարաբերությունները: Եւ հեռանում են իրարից հայրենիքն ու իր զավակը: Մեր դարավոր պատմությունը վկա:

Դժվար է ասել՝ ով ում է պատժում, բայց հայրենիքը մնում է առանց իր զավակի, միայնակ, ու անտեր: Զավակը մնում է առանց հայրենիքի: Յուրաքանչյուրը շալակում է իր մեռելին եւ գնում նոր հարաբերություն, նոր երջանկություն գտնելու: Մի բան, որ այդպես էլ էլ չի գտնվում: Մեր դարավոր պատմությունը վկա:

Որովհետեւ հայրենիքի համար չկա երջանկություն առանց իր զավակի եւ զավակի համար չկա երջանկություն առանց իր հայրենիքի:

Եւ ուրեմն, պետք է մի օր, ի վերջո, մեր եւ մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին եւ նոր հարաբերությունների, անդավաճան հարաբերությունների, նոր երջանկության ծնունդի հնարավորություն տալ:

Սա նշանակում է դադարեցնել աղմուկը՝ Պողոսն էր մեղավոր, չէ՛, Պետրոսն էր մեղավոր, չէ՛, Բարդուղիմեոսն ավելի մեղավոր էր: Նախկիններն էին մեղավոր, որ 30 տարի թալանեցին երկիրը, չէ՛, ներկաներն են մեղավոր, որ երկու տարում 30 տարվա մեր բոլորի փորած փոսը չլցրեցին եւ ազգովի ընկանք մեջը: Դաշնակիցն էր մեղավոր, որ չհասավ, չէ՛, թշնամին էր մեղավոր, որ ավելի շատ դաշնակից ունեցավ, միջազգային հանրությունն էր մեղավոր, որ անտարբեր եղավ, եվրոպական ստանդարտներն են մեղավոր, որ երկակի դուրս եկան, մեծ երկրներն են մեղավոր, որ զենք չտվեցին, փոքրներն էլ են մեղավոր, որ զենք չունեին, որ տային, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սպիտակ արջերն են մեղավոր, որ վերանում են, հայի բախտն է մեղավոր, հետին խելքն է մեղավոր, արդյունքում՝ մեր ճակատագիրն է մեղավոր:

Ե՞ս: Ես ի՞նչ։ Ես պատգամավոր էի, ես նախարար, ես մարզպետ էի, ես դիվանագետ, ես բիզնեսմեն, ես պրոֆեսոր, ես բժիշկ էի, ես ուսուցիչ, ես թարգմանիչ էի, ես արվեստագետ, ես ծրագրավորող, ես փիառշիկ, ես տաղանդ, ես հանճար․ թիկունքում մենք ավելի պետքական էինք:

Ե՞ս։ Ես ի՞նչ։ Ես այլ երկրների մայթերին դրամահավաք էի կազմակերպում, ես գիշերուզօր միջազգային կառույցներին նամակներ էի գրում, ես ծխախոտ ու պեչենի էի հավաքում տղերքի համար, ես ջերմատեսիլ սարքեր էի ճարում, ես մեր հերոսներին վրանով եւ վերմակով էի ապահովում, ես առյուծ տղեքի տնեցիների համար ֆուռերով շոր ու կոշիկ էի ուղարկում, ես հածանավերով դեղերի խմբաքանակներ, ես ինքնաթիռներով զենքեր, ես այլ երկրներում միտինգներ էի կազմակերպում՝ օտարներից ուշադրություն պահանջելով, ես պիկետներ էի անում, ես դրոշներ էի պատռում, ես դեսպանատների վրա ձու էի շպրտում, ես քոչարի էի պարում, ես գիշեր-ցերեկ դարդ էի անում:

Մենք բոլորս ո՛չ քուն ունեինք, ո՛չ դադար, ո՛չ ուտում էինք, ո՛չ խմում, հնարավոր ու անհնարն էինք անում առյուծ տղերքի եւ մեր հայրենիքի համար:

Իմ տղեն մինուճար էր, մառանում էի թաքցրել, իմ ամուսինը տան միակ կերակրողն էր, որ իրեն բան լիներ, բա մենք ո՞նց կապրեինք, իմ տղեն ողնաշարի հետ խնդիր ունի, իմ տղի կույրաղիքը նոր էին հեռացրել, իմի ատամն էր ցավում, իմի՝ բութ մատը:

Բայց ա՜յ, որ օ՜դը փակվեր, օ՜դը, այսքան զոհ չէինք ունենա։ Էն 100 գեներալը դավաճան չլինեի՜ն, էն 1000 սպան դիլետանտ չլինեի՜ն, առաջնագծում խուճապ չտարածեի՜ն, չվախենայի՜ն, չփախչեի՜ն, զենքը լինե՜ր, զինվորը լինե՜ր, զենքը կրակե՜ր, ժամանակին զանգեի՜նք, ժամանակին զիջեի՜նք, ժամանակին խնդրեի՜նք…

Դավաճանությունը մահ է: Պետք է արձանագրել այդ մահը եւ թաղել մեռելին: Եթե նույնիսկ մեռնողը հարաբերությունն է։ Երբ մեր սիրելի մարդն է մահանում, մենք նրան չենք թողնում անթաղ ու հեռանում: Մենք նրան հողին ենք հանձնում, բայց չենք լքում: Շարունակում ենք սիրել, գուցե ավելի շատ ենք սիրում, շարունակում ենք կարոտել, գուցե ավելի շատ ենք կարոտում, շարունակում ենք շփվել, գուցե ավելի շատ ենք շփվում՝ նոր հարաբերություն ենք կառուցում, նոր հարթություն։ Չպետք է վախենալ․ երբե՛ք չենք մոռանում։

Սա մե՛նք ենք եւ մե՛ր հայրենիքը: Մենք սիրում ենք մեզ այնպիսին ինչպիսին կանք, մենք սիրում ենք մեր հարաբերությունները, եթե նույնիսկ դրանք մահացել են, բայց մենք պետք է թաղենք այդ հարաբերությունները եւ նորի ծնունդի հանարավորություն տանք:

Հակառակ դեպքում մեռելը նեխում է, շուրջը տարածում թանձր գարշահոտ, ոչնչացնում ցանկացած ծիլ, որ կկանաչեր եւ պտուղ կտար, ցանկացած բջիջ, որ կբեղմնավորվեր եւ նոր կյանք կտար, ցանկացած էլեմենտ, որ նոր էներգիա կստեղծեր:

Ինչպես թաղե՞նք։ Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը, լացն ու կոծը, անհիշելի ժամանակներից դատարկ լոզունգ դարձած ինքզինքը ձոներն ու փառաբանումները, մեզ կառավարող, մեր վախերի վրա կազմած քաղաքական բանաձեւերի շրջանառությունը, փուչ բաժակաճառերը՝ դրանք երբեք չե՛ն բերել մխիթարություն, երբեք չե՛ն մեղմացրել ցավը, չե՛ն սքողել մեղավորությունը եւ չե՛ն փոխել իրականությունը:

Մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն:

Մենք պետք է ծնենք նո՛ր երգեր, նո՛ր բաժակաճառեր, նո՛ր ոտանավորներ, նո՛ր բանաձեւեր, նո՛ր կյանք, նո՛ր իրականություն։ Հայրենիքի հետ նո՛ր հարբերություն՝ անդավաճա՛ն հարաբերություն, երջանի՛կ հարաբերություն։