45 օր փնտրել եմ որդուս, զորամասում ասում էին՝ ուր որ է՝ կբերեն, վերջում դիահերձարանում գտա. Վիրավոր գերեւարված Աբրահամի դին թշնամին վերադարձրել է օրեր առաջ

169

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Աբրահամ Սարգսյանը 1 տարի 3 ամսվա ծառայող էր, երբ Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան սկսեց Հայաստանի դեմ։ Սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման առաջին թիրախներից մեկն այն դիրքն էր, որտեղ Աբրահամն էր։ Հոր՝ Արթուր Սարգսյանի պատմելով՝ իրենք գիտեին, որ թշնամին Ջերմուկի ուղղությամբ առաջինը գրոհել էր հենց Աբրահամենց դիրքի վրա, չնայած որդին հերքում էր՝ չցանկանալով, որ տնեցիներն անհանգստանան։

«Որ զանգեցինք, ասաց՝ մեզ մոտ հանգիստ է, ընդհանրապես չանհանգստանաք։ Փաստորեն վիրավորել էր, բայց խաբել էր։ Ամսի 14-ին երկրորդ անգամ է վիրավորվել՝ այդ անգամ ոտքից։ Էլի չասաց, որ վիրավոր է։ Այդ վիճակում, մարտական ընկերների պատմելով, մյուսների պահեստատուփերն էր լիցքավորում։ Որդուս չեն օգնել հետի պայմանագրայինները, որ իջնի դիրքից։ Կես ճանապարհը զինվորներից մեկը բերել է, բայց չի կարողացել տեղ հասցնել, պայմանագրայիններն էլ չեն օգնել ոչ մի կերպ։ Որ մի 4 կմ էլ առաջ բերեին, կփրկվեր, թուրքի ձեռքը չէր ընկնի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է զոհվածի հայրը։

Արթուր Սարգսյանի պնդմամբ՝ եթե սեպտեմբերի 15-ի առավոտյան որդուն օգնության հասած լինեին, ապա գերի չէր ընկնի։ Նրա ներկայացմամբ՝ որդու հետ ևս մեկ վիրավոր է եղել՝ պայմանագրային զինծառայող, ով մարտական ընկերներին խնդրել է՝ տեղ հասցնել գոնե ժամկետայինին՝ Աբրահամին։

«Ես բողոք եմ ներկայացրել էն պայմանագրայինների դեմ, ովքեր մատը մատին չեն խփել, որ վիրավոր տղայիս օգնեն։ Ու չեմ հասկանում՝ որտե՞ղ է գրված, որ ժամկետայինը մեկ ամիս պետք է դիրքում լինի։ Որ թշնամին հարձակվել է, տղաներն արդեն մեկ ամիս էր՝ դիրքում էին։ Տարել էին, որ, իբր, ինժեներական աշխատանքներ անեն, բայց «պոստ» էլ էին կանգնում»,-ասում է Աբրահամի հայրը։

Զոհվածի հոր նկարագրածով՝ սեպտեմբերի 14-ից որդու հետ արդեն կապ չի եղել, իսկ հետը գտնվող մոյւս վիրավորի հետ կապն ընդհատվել է ամսի 15-ին։ Նույն օրը, որդուց որևէ տեղեկություն ստանալու ակնկալիքով, նա Ջերմուկի զորամաս է գնացել։

«Առավոտյան գնացի, ասացի՝ ի՞նչ լուր կա տղայիցս, ասացին՝ հեսա կբերեն, ապահով տեղ են թողել։ Մինչև երեկո դա էին ասում՝ կբերեն, ուր որ է տեղ կհասցնեն ու այդպես մինչև երեկո։ Փաստորեն, թուրքերին բաժին էին թողել…Հետի պայմանագրայինը ամսի 15-ի առավոտյան՝ ժամը 11-ի կողմերը զանգել է իրենց տուն, երեխայի ծնունդը շնորհավորել, բայց քիչ հետո կինը որ հետ է զանգել, արդեն թուրքն է պատասխանել… Նրա մարմինը հայկական կողմին փոխանցված 95 մարմինների մեջ է եղել, բայց որդունս վերջին փոխանցվածի՝ 10 -ի մեջ։ 45 օր փնտրել եմ որդուս։ Որ գտա, ահավոր վիճակում էր, բայց ճանաչելի էր»,-պատմում է Աբրահամի հայրը։

Արթուր Սարգսյանի ներկայացմամբ՝ որդուն ծառայության սկզբնական վայրից՝ Վայքից Ջերմուկ էին տեղափոխել՝ պատժելու նպատակով։
«Փետրվարի 13-ին իրենց զորամասի հրամանատարությանը խնդրել էի, որ տղայիս թույլ տան մի օրով տուն գա՝ քրոջ հարսանիքին մասնակցելու, մերժել էին։ Ասացի՝ օրենքով թող լինի էլի, «ուվոլնիտելնի» տվեք, մեկ է՝ գալու է, չտվեցին։ Ինքն էլ էդ օրը եկավ։ Դրա համար հրամանատարն էր, թե ով, ասաց՝ նրան դաժան «պոստ» կտեղափոխենք, ու տարան Ջերմուկ»,-ասում է զոհվածի հայրը։

Աբրահամ Սարգսյանը Արմավիրի մարզի Դալարիկ գյուղից էր։ Հոր պատմելով՝ ամեն անգամ, երբ հող հանձնելու դիմաց «խաղաղության» հասնելու թեմայով խոսակցություն էր բացվում, որդին ջղայնանում էր, հակաճառում ու պնդում, որ այս հողը մերն է, պիտի պահենք, թշնամուն հանձնելու հող չունենք։

Նկատեն, որ զինծառայող Աբրահամ Սարգսյանին վերջին անգամ զինակիցները տեսել էին վիրավորված, սակայն հետագայում Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել նրա մարմինը։ Փաստացի՝ հերթական անգամ գործ ունենք Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործության դրսեւորման հետ՝ սպանել են գերեւարված վիրավոր հայ զինծառայողին։