Պեմզաշենում սպանված ընտանիքի ամուսինը խոսել է. նոր բեկում

Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի սպանության գործով տուժող կողմը հետևողական է լինելու, գնալու է մինչև վերջ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի՝ Զարինեի ամուսնու, ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:

Նրա փոխանցմամբ` վարույթի շրջանակներում նշանակված են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատագենետիկական, դատաբժշկական, դատահետքաբանական և այլն, որոնց եզրակացությունները ստանալուց հետո տուժող կողմը միջնորդություններով հանդես կգա:

 

Ներկայումս տուժող կողմին ոչ բոլոր տվյալներն են հասանելի, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածները, իսկ փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել եւ փաստաբանը զերծ մնաց գնահատականներից, սակայն արձանագրեց, հետողական են լինելու և գնալու են մինչև վերջ, պետք է պարզվի՝ ամեն մանրամասնությամբ:

Դիտարկմանը, որ իրավապահ մարմինների կողմից տրվող պաշտոնական տեղեկություններում ևս առկա են մի շարք հակասություններ, այդ թվում, պարզ չէ, թե այդ ամբողջ ընթացքում որտեղ է եղել Արկադի Բարսեղյանը, տպավորություն է, թե առանձնապես ծանր հանցագործությունները վերագրել են Վրույր Բարսեղյանին՝ միևնույն ժամանակ նրան ներկայացնելով որպես հոգեկան հիվանդություն ունեցող անձ՝ առանց դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստանալու, Գալիկյանն ընդգծեց. «Նախ՝ արձանագրենք, որ Վրույրը հոգեկան հիվանդ չէ: Հոգեկան հիվանդ լինելու համար պետք է փորձագիտական եզրակացություն, որ անձն անմեղսունակ ճանաչված լինի: Եթե անձն ինչ-ինչ խնդրով բանակից ազատվել է, դա դեռ չի նշանակում, որ անձը հոգեկան հիվանդ է և արարքը կատարելու պահին նա անմեղսունակ է եղել: Նշանակված են փորձաքննությունները, երբ եզրակացությունը կստանանք, ավելի հստակ մեկնաբանությունը կանենք»:

Իսկ թե Զարինեի ամուսինն ինչ հարաբերություններ ուներ Վրույր և Արկադի Բարսեղյանների հետ, դիտարկմանը, որ շրջանառվում էին տեղեկություններ, որ «Տիխ»-ի՝ Արկադի Բարսեղյանի հետ արտագնա աշխատանքի են եղել, Գալիկյանը նշեց, որ կոնկրետ հարաբերություններ որպես այդպիսին չի եղել, որևէ թշանամնք չկա:

«Ամեն դեպքում քննությունն ընթանում է: Մենք աչքներս չորս արած հետևողական ենք լինելու, որտեղ նկատեցինք թերություն՝ բարձրաձայնելու ենք »,- ընդգծեց Գարիկ Գալիկայնը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։

Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։