Եռակողմ հայտարարությունը պաշտոնապես չեղարկվեց Մոսկվայի ու Բաքվի կողմից․ Հայերի հերթն է

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թե Բերձորի միջանցքի, թե այլ հարցերում ռուսների պահվածքի կապակցությամբ հաճախ կարելի է լսել «Ռուսաստանը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում» արտահայտությունը։ Թվում է՝ գոնե այն իրավիճակում, երբ արդեն ամեն ինչ վաղուց մակերեսին է, տեսանելի ու լսելի, նման հարցադրում չպետք է հնչեր, որը ոչ այլ ինչ է, քան ռուսներին «պլստացնելու» հերթական հնարքը։

Կարողանում է, չի կարողանում, ուզում է, չի ուզում՝ ինչ տարբերություն։ Նման հարցադրումները կապ չունեն քաղաքականության հետ եւ վաղուց չպետք է հետաքրքրեին հայերին։ Ռուսները միլիարդներ են ծախսում Հայաստանի ուղղությամբ քարոզչության եւ Հայաստանի ներսում ռուսանպաստ ագենտուրային բազմաքանակ զլմ-ների, փորձագիտական ու քաղաքական կոչվող շրջանակների վրա՝ տարածելու համապատասխան քարոզչական կաղապարներ, որի նպատակը հայերին իրական խնդիրներից շեղելն ու ապակողմնորոշելն է։

Տվյալ դեպքում գործ ունենք նման մի կաղապարի հետ։ Ռուսները չեն ուզում կամ չեն կարողանում անել ի՞նչը։ Իրենց պարտավորություննե՞րը։ Իսկ որո՞նք են այդ պարտավորությունները՝ խաղաղություն ու կայունություն, եռակողմ հայտարարության անվերապահ կատարո՞ւմ։ Իսկ ի՞նչ է ենթադրում այդ անվերապահ կատարումը ժամանակի ու տարածության մեջ։

ՌԴ-ն տվյալ դեպքում իրագործում է Բերձորի միջանցքը (որը քաղաքական իրավունք արձանագրող հասկացություն է եւ որն ինչ որ մեկի թեթեւ ձեռքով վերանվանվեց «կյանքի ճանապարհ»՝ սա պատահական չէ) Բաքվին հանձնելու, Արցախը Բաքվին «ինտեգրելու» ծրագիրը, որի մասին բաց հայտարարել են ՌԴ առաջին դեմքերը։ Եռակողմ հայտարարությունը վերաբերում է միայն Հայաստանին, այն ՀՀ-ն վերաձեւելու եւ հայկական պետականությունը վերացնելու ռուս-թուրքական ծրագիրն է, որի բաղադրիչներից մեկն էլ Արցախում ռուսների գործողություններն են։

Ուկրաինա ներխուժման նախօրեին Պուտին-Ալիեւ ռազմավարական գործակցության հռչակագիրը, որը հակասում էր եռակողմ հայտարարությանը, արձանագրեց այս իրողությունը, եւ պատահական չէ, որ Փառուխի, Բերձորի միջանցքի ռեժիմի փոփոխության հարցերում Բաքուն հղում էր հենց այդ հռչակագրին։ Բերձորի միջանցքի ներկայիս շրջափակման ակտը եռակողմ հայտարարության փաստացի պաշտոնական չեղարկումն է Մոսկվայի ու Բաքվի կողմից՝ Հայաստանի դեմ ծրագրերի արագացման նպատակով։

Մոսկվան ոչ թե չի կարողանում կամ չի ուզում, այլ արագացնում է իր ծրագրերը։ Պուտին-Ալիեւ վախերը, որոնք նկատելի են թե Փաշինյանի մասնակցությամբ բեմադրվող տեսարաններից, թե ցապար ցեղագլխի հիստերիկ հայտարարություններից, կապված են արտաքին հնարավոր միջամտության հետ։

Ռուս-թուրքական ագրեսիայի ու ցեղասպան ծրագրերի հաջողության հիմքը հայերի քաղաքական մտածողության, իրավատիրության, նախաձեռնությունների բացառումն է, ինչն իրագործվում է քպ-ական իշխանության ու նրա հենակ ռուսանպաստ «ընդդիմության», սրանց սպասարկող մեդիա-փորձագիտության ձեռքով, մոսկովյան առատ վճարով։

Կհասնե՞ն իրենց նպատակին՝ կախված է բացառապես հայկական կողմից։ Խորհրդարանում ու կառավարությունում ինքնիշխան նույնիսկ կեսքայլը կարող էր տապալել այս ծրագրերը եւ կանխել աղետը՝ իրավիճակը շրջելով հայկական իրավունքների կողմը։