Հսկայական փոս, ծակծկված բաքեր, մոխրի անձրև. ի՞նչ վնաս է պատճառել SpaceX Starship-ի արձակումը (լուսանկարներ)

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հաջողված է համարում ապրիլի 20-ին Starship տիեզերանավի առաջին արձակումը. տիեզերանավը կարողացել է օդ բարձրանալ և առնվազն չի պայթեցրել արձակման հարթակը։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը, սակայն, այժմ հետաքննում է Starship-ի արձակումը դրա հետևանքով առաջացած վնասի մասին տեղեկությունների ֆոնին։

Այսպես, տիեզերանավի արձակման հետևանքով արձակման հարթակի վրա հսկայական փոս է առաջացել, նկատելիորեն տուժել են տեղի ենթակառուցվածքները։ Ավերածություններ են գրանցվել նաև հարևան քաղաքում և մոտակա լողափում, ավելին, մոխրի «անձրև» է տեղացել տարածքում, որտեղ անհետացող կենդանատեսակներ են բնակվում։

Starship հրթիռի արձակման հարթակի վրա ահա այսպիսի փոս է գոյացել։

starship_stol

Իլոն Մասկը Twitter-ում գրել է, որ արձակման հարթակի կառուցման մեջ օգտագործված Fondag տեսակի բետոնը հուսալի էր համարվում հրթիռի փորձնական արձակման համար։ Այդ մասին էին վկայում նաև ստատիկ հրդեհային փորձարկումների տվյալները, որոնք բազմիցս են իրականացվել։ Բացի դրանից, երեք ամիս առաջ մասնագետներն սկսել էին կառուցել ջրով հովացվող պողպատե հսկայական սալահարթակ, որը նախատեսվում էր տեղադրել արձակման հարթակի տակ՝ շարժիչներից արձակվող բոցերը մարելու համար։ Սակայն չէին հասցրել դա տեղադրել նախքան Starship-ի առաջին գործարկումը։

Ահա, թե ինչպես են տուժել արձակման հարթակի մոտ գտնվող կառույցները.

starship_stol

Փորձագետների խոսքով՝ վնասվել են մեկնարկային հարթակի բետոնե հենարանները և այն ամենը, ինչ եղել է ստորին մակարդակներում, այդ թվում՝ ծառայողական աշտարակի լցման թևը։ Բետոնի մեծ բեկորները շատ տեղերում խոցել են հարակից ենթակառուցվածքային օբյեկտների կոնստրուկցիաները, թեև ֆերման ու բռնիչները կարծես թե չեն վնասվել. փաստացի պողպատե կոնստրուկցիաներն ավելի ամուր են գտնվել, քան բետոնե կոնստրուկցիաները:

Ազդեցության ենթարկված բետոնե սալիկներ.

starship_stol_02

Լիցքավորման ենթակառուցվածքի բաքերը նույնպես նկատելիորեն վնասվել են. դրանցից մի քանիսը ծակվել են (օրինակ՝ ազոտի բաքը), իսկ մյուսների մոտ տարբեր չափերի քերծվածքներ են եղել։

Հնարավոր է, որ արձակման ժամանակ բետոնի կտորները վնասել են նաև հրթիռի շարժիչները, ինչն ի վերջո հանգեցրել է մղման ուժի և կառավարման կորստի, ինչի հետևանքով տիեզերանավը հրթիռի հետ միասին ստիպված են եղել պայթեցնել օդում։

Ինչպես հայտնում է Livescience.com-ը, փորձնական թռիչքից և դրան հաջորդած պայթյունից առաջացած փոշին, բեկորներն ու աղբը թափվել են արձակման վայրից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Տեխասի Պորտ Իզաբել քաղաքի բնակիչների վրա, ինչպես նաև Բոկա Չիկայի լողափերին, որոնք վտանգված կենդանիների, այդ թվում՝ թռչունների և ծովային կրիաների բնադրավայրեր են:

Sierra Club-ի բնապահպանական խմբի տնօրեն Դեյվ Կորտեսը ևս պատմել է, որ Պորտ Իզաբելի բնակիչները հայտնել են, որ կոտրվել են իրենց ձեռնարկությունների պատուհանները, իսկ հրթիռի պայթյունից հետո մոխրի նման մասնիկներ են թափվել իրենց տների և դպրոցների վրա:

Նախատեսվում է, որ արձակման հարթակին և մոտակա ենթակառուցվածքին հասցված վնասը բավականին արագ կվերականգնվի, իսկ Իլոն Մասկը չի բացառում, որ հրթիռը հնարավոր կլինի վերագործարկել արդեն մայիսին։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը թույլ կտա դա, հաշվի առնելով, որ հրթիռն ապացուցել է, որ բավականին վտանգավոր է: