Բաքուն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն «անհեթեթ» (չակերտները Tert.am-ի) է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարությունը Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Վճռականորեն հերքում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ արտահայտությունները, որոնք արել է ապրիլի 27-ի իր ելույթում հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետի տեղադրման մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաքուն հայտնել է, որ «հայկական կողմի ցանկացած միջամտություն սեփական տարածքում [ադրբեջանական] սահմանային անցակետի բացմանը, որը Ադրբեջանի ներքին գործն է, ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և հակասում է այն պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը Պրահայում և Սոչիում, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»:

«Հայկական կողմի այդպիսի հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանդարտությանը, այլև դիտավորյալ կերպով ուղղված են լարվածության ավելացմանը»,- նշված է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության տեքստում:

Նախարարությունն «անընդունելի և անհեթեթ» (չակերտները — Tert.am-ի) է որակել Փաշինյանի այն հայտարարությունը, որ «սահմանային անցակետի ստեղծումը հետապնդում է «էթնիկ զտումներ»։ «Գոյություն ունեն համապատասխան պայմաններ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակիչների երկու ուղղություններով թափանցիկ, անվտանգ ու կանոնավոր երթևեկության համար», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Բաքվից հավելել են, որ ադրբեջանական կողմը երկխոսելու է «իր հայկական ծահում ունեցող բնակիչների հետ ադրբեջանական օրենսդրության շրջանակներում, իսկ երրորդ կողմերի միջամտությունն այդ հարցում անընդունելի է»։