Ստեղծվել է ԱԲ մոդել, որը ճշգրիտ կերպով բացահայտում է թոքերի քաղցկեղը վաղ փուլում

Մի խումբ բժիշկներ, գիտնականներ և հետազոտողներ ստեղծել են արհեստական բանականության մոդել, որը կարող է ճշգրիտ բացահայտել քաղցկեղը վաղ փուլում, ինչը, նրանց կարծիքով, կարող է արագացնել հիվանդության ախտորոշումը և հիվանդների բուժումը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի քաղցկեղից մահանում է մոտ 10 միլիոն մարդ կամ գրեթե յուրաքանչյուր վեցերորդը։ Այնուամենայնիվ, շատ դեպքերում հիվանդությունը կարող է կասեցվել, եթե հայտնաբերվի վաղ փուլում, իսկ պացիենտն արագ բուժում ստանա։

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Royal Marsden NHS հիմնադրամի, Լոնդոնում գտնվող Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի և Լոնդոնի կայսերական քոլեջի փորձագետների մշակած ԱԲ մոդելը կարող է որոշել, թե արդյոք համակարգչային տոմոգրաֆիայի սկանավորման արդյունքում հայտնաբերված անոմալ գոյացությունները չարորակ են, թե ոչ: Ըստ հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են Lancet eBioMedicine-ում, այս ալգորիթմն ավելի արդյունավետ է գործում, քան ներկայիս մեթոդները:

«Հուսով ենք, որ ապագայում այն կբարելավի վաղ հայտնաբերման հնարավորությունը և քաղցկեղի բուժումը պոտենցիալ կերպով ավելի հաջող կդարձնի՝ բացահայտելով բարձր ռիսկայնության հիվանդներին, որպեսզի նրանք ավելի վաղ փուլում միջամտություն ստանան»,- ասել է Royal Marsden-ի կլինիկական ուռուցքաբանության ռեգիստրատոր, բժիշկ Բենջամին Հանթերը։

Արհեստական ​բանականության ալգորիթմը մշակելու համար թիմը ռադիոմիկայի կիրառմամբ օգտագործել է թոքերի մեծ հանգույցներ ունեցող մոտ 500 հիվանդի համակարգչային տոմոգրաֆիայի տվյալները: Այս տեխնիկան կարող է սկանավորված պատկերներից վեր հանել կենսական նշանակության տեղեկություն, որոնք մարդու աչքը կարող է դժվարությամբ նկատել: Այնուհետև ԱԲ մոդելը փորձարկվել է՝ պարզելու, թե արդյոք այն կարող է ճշգրիտ բացահայտել քաղցկեղածին հանգույցները:

Հետազոտողների թիմն ընդգծել է, որ ուսումնասիրությունը դեռ վաղ փուլում է, և դեռ լրացուցիչ թեստավորում պետք է անցնի նախքան առողջապահական համակարգերում  ներդրվելը։ «Ըստ այս նախնական արդյունքների՝ մեր մոդելը, կարծես, ճշգրտորեն բացահայտում է թոքերի քաղցկեղածին մեծ հանգույցները։ Հաջորդիվ մենք նախատեսում ենք տեխնոլոգիան փորձարկել կլինիկայում թոքերի մեծ հանգույցներ ունեցող հիվանդների վրա՝ տեսնելու, թե արդյոք այն կարող է ճշգրիտ կանխատեսել թոքերի քաղցկեղի ռիսկը»,- ասել է Բենջամին Հանթերը։

Ուսումնասիրության առաջատար գիտնական Ռիչարդ Լին ասել է, որ այս աշխատանքով հույս ունեն նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ նպաստել քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, քանի որ մարդիկ, ում մոտ թոքերի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում, հավանական է, որ դեռ ապրեն հինգ տարի, համեմատած նրանց հետ, ում մոտ քաղցկեղը ուշ է ախտորոշվել։

«Սա նշանակում է, որ առաջնահերթ կերպով պետք է ուղիներ գտնել հիվանդության հայտնաբերումն արագացնելու համար, և այս հետազոտությունը, որն առաջինն է, որ մշակում է ռադիոմիկայի մոդել, որը հատուկ կենտրոնացած է թոքերի մեծ հանգույցների վրա, կարող է մի օր աջակցել կլինիկաներին՝ բացահայտելու բարձր ռիսկային հիվանդներին»,- ասել է նա: