Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղից դեպի Հաղթանակի զբոսայգի տանող Սարալանջի հատվածում՝ արագաչափի հարևանությամբ, նռնակ է հայտնաբերվել և այն անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիակնության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ (ավելի շատ հայտնի «Աստվածների») քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ սակրավորների խումբը, ովքեր վնասազերծել են «G-1» տեսակի նռնակը, որը եղել է առանց պայթուցիչի: Սակրավորները նռնակը հանձնել են քննչական խմբին: