Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի պարեկներ Արամ Գևորգյանն ու Արա Դավթյանը սահմանազատել են տարածքը և տեղում աշխատում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Բալոյանի և ավագ քննիչ Մերի Հակոբյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշամաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է: