Դանակահարություն է տեղի ունեցել

Մայիսի 9-ին, ժամը 22.10-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ անհայտ մակնիշի ավտոմեքենայից բժշկական կենտրոնի դիմաց իջեցրել են մոտ 35 տարեկան տղամարդու, որը թիկունքի շրջանում կտրած-ծակած վնասվածքներ ունի:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասից: Մեքենան, որով նրան հիվանդանոց էին տարել, հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մեքենայի տարբեր հատվածներում տեսանելի էին արնանման հետքեր:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 9-ի ժամը 21.30-ի սահմաններում Սանահին-Սարահարթ թաղամասի հրապարակի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 35-ամյա տղամարդուն դանակահարել էր 20-ամյա համաքաղաքացին:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 10-ին 20-ամյա երիտասարդը մեղայականով ներկայացել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին: