Քըլըչդարօղլուն դատի է տվել Էրդողանին

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախընտրական արշավի ժամանակ կեղծ հոլովակ օգտագործելու համար։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Քըլըչդարօղլուն փաստաբան Ջելալ Չելիքը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Էրդողանի նախընտրական տեսահոլովակում Քըլըչդարօղլուն մեղադրվում է երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Լրագրողներին փաստաբան Ջելալ Չելիքը հայտնել է, որ Քըլըչդարօղլուն իրեն հասցված բարոյական վնասը գնահատել է 1 միլիոն թուրքական լիրա (50,2 հազար դոլար),

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին: Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրությունների առաջին փուլում Էրդողանը հավաքել է ձայների 49,52%-ը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,88: