Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի Դնեպր քաղաքին Ռուսաստանի զինված ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորների թիվը՝ 23-ի: Վիրավորներից 3-ի վիճակը ծանր է: Ինչպես տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հաղորդել է Դնեպրոպետրովսկի մարզային զինվորական վարչակազմի նախագահ Դմիտրի Լիսակը:

Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության՝ ՌԴ-ն Դնեպրում հրթիռակոծել է բժշկական հաստատություն և անասնաբուժական կլինիկա: Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է 500 քառ. մետր տարածքի վրա:

Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել նաև Ավդեևկա և Գուլյապոլե քաղաքներին: Գուլյապոլեում կա երկու վիրավոր, վնասվել են տարբեր շինություններ: Իսկ Ավդեևկայում, ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի, հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա, տուժածներ չկան:

Իր հերթին ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական կողմից հարվածներ են հասցվել Նովայա Վոլժանկա գյուղին: Արկերի բեկորները վնասել են շենքեր հանգստի գոտու տարածքում, մեկ կին վիրավորվել է: Նա միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել է: Նահանգապետը հավելել է, որ մասնավոր բնակելի տներից մեկում արկի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է:

Բացի այդ, ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հաստատել է, որ Կրասնոդար քաղաքի կենտրոնում վաղ առավոտյան որոտացած պայթյունների պատճառը եղել են 2 անօդաչու թռչող սարքերը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, պայթյունների հետևանքով տուժածներ չկան: Վնասվել են մի քանի շենքեր: