Ինչ-որ մի չորրորդական կայքում զետեղված նյութի վերնագիրը տարօրինակ էր. «Ադրբեջանից կաշառք ստանալու համար քրգործ է հարուցվել»: Պարզվեց՝ ընդամենը պետական քննչական մարմնի «շարքային» հաղորդագրություն է առ այն, որ ինչ-որ մեկը կաշառք է վերցրել, այդ փաստով քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում: Վե՛րջ: Ոչ մի ադրբեջանական-մադրբեջանական հետք-մետքի մասին անգամ հիշատակում չկար: Բայց ի՛նչն էր հետաքրքիր. հարյուրավոր «հավանումներ» և մոտ 400 մեկնաբանություն, որոնց գերակշիռ մեծամասնությունն այն մասին էր, թե «Ադրբեջանից կաշառք ստացածների» հետ հատկապես ոնց է պետք վարվել: Յուրաքանչյուրն, ըստ իր մակարդակի, մահապատժի կամ պարզապես պատժի տարբերակ էր նշել: Եվ միայն 1 (մեկ) հոգի էր նկատել, որ վերնագիրն ու դրա տակ եղած հրապարակումը միմյանց չեն համապատասխանում, քանի որ, ինչպես ասվեց՝ ոչ մի Ադրբեջանի մասին անգամ հիշատակում չկար: Այսինքն, նյութը կարդացել էր երևի թե այս մեկը, դե, գոնե մեկնաբանություն գրողների մեջ:
Կասեք, թե՝ եզակի դե՞պք է: Ամենևին: Իրականում սա միայն մեկ օրինակ է: Ցավոք, նման օրինակները քիչ չեն: Թարմ օրինակ. հիշո՞ւմ եք, թե նույն «ֆեյսբուքա-Հայաստանն» ինչպես էր բորբոքվել ընդամենը մի քանի օր առաջ (ասենք՝ այդ ե՞րբ բորբոքված չէ, «բերանի ծամոն» լինի»), երբ մեկը գրեց, թե Ալիևը Ստեփանակերտի պարետ է նշանակել Արցախում մնացած ազգությամբ հայ մի չինովնիկի: Մենք հատուկ անուններ չենք նշում այստեղ, նաև չենք նշում, թե այդ լուրը հատկապես ում քարոզչական շահերն սպասարկող էր տարածել, և ովքեր, ինչ շրջանակներ էին այն ինտենսիվորեն շրջանառում: Տվյալ դեպքում հարցն այլ է: Հիշո՞ւմ եք, թե ինչ կարգի անեծքներ, լուտանքներ ու վիրավորանքներ էին տեղում տվյալ «պարետի» հասցեին: Իսկ նախօրեին պարզվեց, որ դա ամենաիսկական սուտ էր:
Հաղորդվեց, որ Ալիևն ինչ-որ հերթական սաֆարովի Ստեփանակերտի պարետ է նշանակել: Ահա այսպես, «վերնագրակառավարվող», դյուրությամբ մանիպուլացվող, իրականությունը չտեսնող, ստերին խաբվող հասարակություն ենք դարձել: Եթե իհարկե, մեր հանրային ամբողջությունը հիմա կարող է հասարակություն համարվել: «Եթե», որովհետև հասարակությունները, սովորաբար, ունենում են միավորող նպատակներ, խնդիրներ, ոտքի են ելնում, երբ ոտնահարվում են ազգային ու պետական շահերը: Վերադառնանք մանիպուլացվելուն, ամեն մի սուտ արագորեն կլանելուն և դա ուղեցույց համարելուն: Անունն ինչ ուզում եք՝ դրեք: Ցանկանո՞ւմ եք, կոչեք տեղեկատվական անվտանգություն, կուզեք՝ մեդիագրագիտություն: Չկա: Արգելակման բոլոր հնարավոր կոճղակները լրիվ մաշված են: Հանդիպում են մարդիկ, որ «խոսում» են զանազան «փերֆեքթթիվիների» «վերնագրերով»:
Բայց ավելի ցավալի է, որ շատերն ապրում են հենց այդ «վերնագրային» իրականության մեջ, ու ոչ մի կերպ դուրս գալ չեն ցանկանում: Հանրագումարում, երբ փորձում ես նման մեկից գոնե մի հոդաբաշխ արտահայտություն կորզել, ստանում ես հանրահայտ պերսոնաժ Շուրա Բալագանով դամբանական խոսքը՝ սագագող Պանիկովսկու շիրիմի մոտ՝ անհեթեթ, անկապ, ինչ-որ ֆրազների անիմաստ շարք: Այդպես հասարակություններ չեն ձևավորվում: Այդպես հասարակությունները քայքայվում ու կործանվում են: Հիմա՝ «ամենաթարմի» մասին: Նախօրեին ոճրագործ, պատերազմական հանցագործ Ալիևը, որը վաղ թե ուշ ստանալու է իր վաստակած հատուցումը, եթե աշխարհում նույնիսկ 1 հայ մնա, շտապել էր Ստեփանակերտ, որտեղ 1 հայ էլ, ասում են, չի մնացել: Դե, իր ադրբեջանական դրոշը տնկեց, Արցախի նախագահական նստավայրի շենքի ճակտոնին ադրբեջանական զինանշանը կպցրեց…
Ինչո՞ւ է նա նման «թատրոն տալիս»: Չէ՞ որ նրա նաև այդ քայլերը համալրում կամ ընդգծում են իր իսկ ցեղասպանական ոճիրները: Այսպես ասած՝ «ծանրացնում են մեղքը»: Հարկավ, հնարավոր է, Ալիևը «հաղթական խումհարի» մեջ է և այդպիսով ուզում է ավելի ու ավելի հերոսական երևալ «իր ժողովրդի» աչքին: Բայց թշնամու բոլոր այդ ցուցադրական դրսևորումների հիմնական թիրախը Հայաստանը և հայությունն են: Թշնամին շատ լավ գիտի և տեսնում է, թե որքան խոցելի ու մանիպուլացվող է մեր հասարակության մի զգալի մասը, և ձգտում է հնարավոր առավելագույնը քամել դրանից: Դա սովորական տեղեկատվական տեռոր է, ու այդպիսի ցուցադրական շոուներ նա հաճախ է անելու: Կարևորը՝ դրան կուլ չգնալն ու հնարավորինս այդ ամենը տարածելուց զերծ մնալն է: Այնինչ, ցավոք, թշնամու այդ տեղեկատվական, քարոզչական հարձակումներին դիմակայում են առանձին անհատներ:
Այնինչ, այստեղ առաջնային պետք է լիներ, այսպես կոչված, «պետական քարոզչություն» ասվածը, որը, ցավոք, այդ, ինչպես և նմանատիպ հարցերում գրեթե լիովին բացակա է և ակտիվանում է միայն ներքաղաքական խնդիրների դեպքում կամ Նիկոլ Փաշինյանի «աննախադեպիզմը» քարոզելու համար: Թեպետ ինչ արժե ակնկալել մի իշխանությունից, որը միայն «մտահոգ հետևում էր», թե… ինչպես է Ադրբեջանը ցեղասպանության, էթնիկ զտման ենթարկում Արցախի հայությանը, հայաթափում Արցախը:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ