Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել

Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Տղամարդը հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։

«Այնտեղ ապրող ադրբեջանցիները ինձ մտերիմ էին, ես բոլորին ճանաչում էի։ Կռվի ժամանակ ես ոչ մի գործողության չեմ մասնակցել»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը:

68-ամյա տղամարդն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում:

Այդ ժամանակվանից Խաչատրյանն ապօրինի կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Նրան ներկայացվել են «ցեղասպանության» (չակերտները` Tert.am) մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել 20 տարվա ազատազրկման կամ ցմահ ազատազրկման:

Նրա առաջին դատական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին: