Գիշերն արտակարգ է եղել «Բելաջիո» ռեստորանային համալիրի բակում

Հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «որովայնի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երանի բնակիչ 33-ամյա Նիկոլայ Պ.-ն:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Նիկոլայ Պ.-ի և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Ն.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Նիկոլայ Պ.-ին:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Հարություն Ն.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: