Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Լիբանան՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի ֆոնին այցելելու ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում ծառայող գերմանացի զինվորականներին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ Բեռլինը 140 զինվորի է տեղակայել Լիբանանի ափին գտնվող ռազմանավի վրա և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գլխամասում։
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը տեղակայված են 1978 թ․-ից՝ պահպանելու Իսրայելի հետ սահմանին խաղաղությունը։ Ուժերի կազմն ընդլայնվել է 2006 թ․-ի ՄԱԿ-ի բանաձևով, որով վերջ է դրվել Լիբանանի հարավում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո Իսրայելը հարվածներ է հասցնում ոչ միայն Գազայի հատվածին, այլև Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների՝ ի պատասխան այնտեղից իրականացվող հարվածների։