Երևանը ստացել է Բաքվի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, Հայաստանը նորը դեռևս չի ներկայացրել

Գրանադայի հայտարարությունում հայտարարվել են այն ուղենիշները, որոնք պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում կամ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրում, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նա նշել է, որ Երևանը ստացել է պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։

«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք։ Պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով կդիրքավորվի և կբարձրացնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները»,- հավելել է նա։