Բրյուսելի հանդիպման տապալումը. բանակցային փակուղի

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների՝ մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսելում ծրագրված հանդիպումը չի կայանա, երեկ հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Եվրոպացի դիվանագետը պնդել է՝ ժամանակի սղությունն է պատճառը, չեն հասցրել կազմակերպել։

Այսպիսով, Տոյվո Կլաարը չի ցանկացել իրերն իրենց անունով կոչել՝ Ալիևը պարզապես չի ցանկացել մեկնել Բրյուսել:

Ի դեպ, Ադրբեջանի և ԵՄ հարաբերություններում ակնհայտ ճգնաժամ գոյություն ունի: Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցել Բաքվում երեկ անցկացված Եվրամիության հետ համաժողովին, ինչը գնահատվում է Եվրամիության և Ադրբեջանի միջև որոշ լարվածության ևս մեկ դրսևորում։

Մյուս կողմից, Ալիևը բրյուսելյան հարթակից ստացել է առավելագույնը՝ Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս, և այլևս մոտիվացված չէ բանակցել եվրոպական հարթակներում՝ ձգտելով հակամարտության ռեգիոնալացմանը:

Ինքնին տարօրինակ է, որ պաշտոնական Երևանն է կառչած բրյուսելյան հարթակից ու սա այն դեպքում, երբ հենց այս ձևաչափում է արձանագրվել Հայաստանի դիվանագիտական ամենամեծ ձախողումը:

Եվս մեկ հանգամանք:

ԵՄ-ն ինքը խիստ ներքաշված է ուկրաինական ու պաղեստինա-իսրայելական պատերազմներում, և մեր տարածաշրջանը հայտնվել է նրանց ուշադրության լուսանցքում: Կլաարի «ժամանակի սղություն» արտահայտությունը հենց սրա մասին է:

Ինչևէ, Կլաարի հայտարարությունից ժամեր անց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բացել է փակագծերը, թե ով ժամանակ չի ունեցել մեկնել Բրյուսել.

 «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ, իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են, ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել»:

Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում անդրադարձել է Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսվող եռակողմ՝ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկմանը, հայտարարել է՝ ենթադրում է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել մասնակցությունը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ «զգալի առաջընթաց դեռ չկա» նաև մոսկովյան հարթակում, ինչը նշանակում է՝ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում:

Պատային այս վիճակը կարող է բերել նոր էսկալացիայի, եթե, մի կողմից, Ադրբեջանը չվերանայի իր մաքսիմալիստական օրակարգը, մյուս կողմից՝ Երևանը շարունակի գերագնահատել Բրյուսելի հարթակը:

Վահրամ Բագրատյան