Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել հոկտեմբերի 27-ի գործի քննության ընթացքից, 20 տարի անցել է, դժվար է․ Ստեփան Դեմիրճյան

Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, երբ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված չէ։

Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։

Նրա խոսքով՝ քչերն են հավատում, որ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել։

Ստեփան Դեմիրճյանը հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված այլ գնահատականներ չհնչեցրեց։

«Բնականաբար գոհ չեմ քննության ընթացքից, 20 տարին անցել է, դժվար է։ Այսօր զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի դեռ ընթանում է քննություն։ Իմ գնահատականը հայտնի է՝ դա ծանրագույն հարված էր մեր պետությանը, պետականությանը։ Հոկտեմբերի 27-ի կործանարար հետևանքները ակնհայտ են առ այսօր»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է 1999 թվականին Հայաստանի Ազգային Ժողովի վրա իրականացված հարձակման 24-րդ տարելիցը։

Հոկտեմբերի 27-ին, հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ։ Ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական գործիչ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: Կրակոցների հետևանքով ևս 8 մարդ վիրավորվեց։