Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Հակոբ Ստեփանյանին պատկանող հացի (մատնաքաշի) արտադրամասը (Սյունիքի մարզ, ք. Գորիս) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում իրականացրած վերահսկողության ընթացքում:
Մասնավորապես՝
— արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը.
— արտադրամասի սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, բացակայել են ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանը և չորացնող սարքը.
— բացակայել են նախամուտքում համազգեստի կախիչները.
— հատակը և պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.
— խոհանոցի առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն.
— պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.
— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, աշխատանքային մակերևույթները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման.
— սննդամթերքի հետ շփվող աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության.
— սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: