«Փաստ» օրաթերթը գրում է.
«Էդմոնս համեստ, խելոք, ոչ մեկին չնեղացնող երեխա էր, բարի էր ու անկեղծ, հոգատար ընտանիքի անդամների նկատմամբ, ազնիվ ու անսահման ընկերասեր: Մեր տարիքային տարբերությունը մեկ տարուց մի քիչ է ավելի: Երբ եկավ Էդմոնի բանակ զորակոչվելու շրջանը, շատ մտերմացանք, բայց, ավաղ, չհասցրեցինք մեր ավելի հասուն տարիքը վայելել, ընկերություն անել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էդմոնի քույրիկը՝ Անուշը:
Էդմոնը փոքր տարիքից զբաղվել է սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի և լողի: Դպրոցում լավ է սովորել: «Իր տեսակով հոգատար և ուշադիր էր բնության նկատմամբ: Մինչև բանակ գնալը՝ 2019 թ.-ին ընդունվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Սիրում էր տանը բույսեր աճեցնել, հիմա էլ մայրիկը շարունակում է Էդմոնի աճեցրած կծու պղպեղն օգտագործել տարբեր ճաշատեսակների պատրաստման ժամանակ: 15-16 տարեկան էր Էդմոնը, մայրիկը գնաց փոստ՝ առաքման միջոցով տեղ հասած նրա պատվերը ստանալու: Հերթ էր կանգնել, փոքրիկ տուփը վերցրել ու տուն եկել:
«Էդմո՛ն, ի՞նչ ես պատվիրել, գիտե՞ս, թե որքան եմ հերթում սպասել»: Տուփը բացեցինք, ներսում սերմեր էին: Մենք Աբովյանում ենք ապրում, բայց փոքր տարիքից հայրիկի հետ գնում էինք Մայակովսկի գյուղի մեր հողամասը, այնտեղ ծառ էինք տնկում, բերքահավաք ու այլ աշխատանք անում: Երևի թե հենց այդտեղից էլ առաջացել էր Էդմոնի սերը հողի ու բնության նկատմամբ: Մեծ նպատակներ ուներ, ցանկանում էր սեփական ջերմոց ունենալ, լոլիկ ու սունկ աճեցնել, մինչև հիմա սերմերը իր դարակում դրված են»,-նշում է զրուցակիցս:
Հիմա Էդմոնի երազանքը նրա ընտանիքն է կյանքի կոչում. կա նրա անունով հողամասը, որի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունեն: «Հայրիկս այդտեղ 200-ից ավելի ծառ է տնկել, ազնվամորու առաջին բերքն էլ արդեն համտեսել ենք: Ծառերը հրաշալի աճում են, երևի թե նրանից է, որ Էդմոնի անունով է ամեն ինչ արվում»: Էդմոնը բանակ է զորակոչվում 2019 թ. հուլիսի 13-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): Էդմոնը տանկիստմեխանիկ էր: Քույրիկի խոսքով, կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար և կարգապահ զինվոր, մարտական պատրաստության ժամանակ ունեցել է բարձր ցուցանիշներ: Մինչդեռ, Անուշի խոսքով, նախքան զորակոչվելը եղբայրը գուցե ներքին անհանգստություն ուներ:
«Կարծես չէր ուզում մեկնել բանակ, վերջին շրջանում հատկապես պարփակվել էր: Անտրամադիր էր, տխուր: Երբ արդեն ծառայում էր Արմավիրում, ամեն ինչ շատ լավ էր, իրեն լավ էր զգում: Արցախում էլ հանգիստ ծառայում էր, մեկնում էին Ջրական զորավարժությունների և վերադառնում»: Բայց պատերազմը խլեց բոլորիս հանգստությունը: «Սեպտեմբերի 27-ին և 28-ին Էդմոնը զանգել է, իր հետ խոսել ենք, կապի մեջ եղել: Ձայնը նորմալ էր, ամեն ինչ կարգին էր թվում: Գուցե հայրիկի հետ անկեղծացել է, բայց մեզ հետ զրույցում ասում էր՝ ամեն ինչ կարգին է, որևէ բանի պակաս չունեմ: Էդմոնն առաջնագծում է եղել, ինչի մասին չենք իմացել»: Էդմոնի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 2-ը. այդ օրը նա վերջին անգամ խոսել է ընտանիքի անդամների հետ: «Առավոտյան զանգեց, յոթն անց հիսուն էր, մի քանի րոպե խոսեցինք: Բոլորով հավաքվեցինք՝ ծնողներս, փոքր եղբայրս և ես, ու սկսեցինք զրուցել: Վերջին օրերին ձայնի մեջ փոփոխություն էր զգացվում: Զրույցի վերջում մաման ասաց՝ Էդմո՛ն, գլխարկդ դի՛ր, չմրսես: Ու զանգն անջատվեց, անգամ իրար հրաժեշտ չտվեցինք: Սկսեցինք զանգահարել հրամանատարին, ասում էր, որ որևէ բանից տեղյակ չէ»:
Էդմոնը զոհվել է Ջրականում, պայթյուն է եղել, գնացել է տղաներին օգնության, վիրավորներից ոմանց կարողացել են դուրս բերել մեքենայով, բայց Էդմոնն, ավաղ, չի վերադարձել: «Այնքան ուժ է ունեցել իր մեջ, որ տեսել է՝ երկնքից կրակ է թափվում, և գնացել է օգնության»: Անուշն ասում է՝ եղբայրը սրտաբաց էր, ամեն կերպ փորձում էր օգնել բոլորին: Զոհվեց, երբ օգնության հասավ զինակից ընկերներին: Էդմոնը տուն է «վերադարձել» զոհվելուց վեց ամիս անց, թշնամին է փոխանցել նրա մարմինը: «Հայրիկս օրերով գնում էր Արցախ, մի օր հեռախոսը գտավ, փոքրիկ Աստվածաշունչը ևս իրերի մեջ էր եղել, բայց այրված վիճակում: Այնտեղ իրենք ասում էին, որ Էդմոնն անհետ կորած է, բայց Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 6-ին հրապարակում է նրա անունը զոհվածների ցուցակում: Վիրավորում է ստացել ու միանգամից զոհվել, վիրավոր տղաներից մեկն ասել էր, որ տեսել է Էդմոնին ընկած: Մենք, իհարկե, չէինք հավատում: Հիվանդանոցներից մեկում տղաներից մեկ ուրիշը հավանաբար Էդմոնին ինչ-որ մեկին էր նմանեցրել, ասել, որ Էդմոնին առաջին օգնություն է ցույց տվել, և մեքենան նրան տեղափոխել է հոսպիտալ: Սա մեզ հույս տվեց…»:
Բայց իրականությունն այլ էր, Էդմոնի մարմինն անճանաչելի էր, ԴՆԹ անալիզը «վստահեցրեց», որ նա է, Անուշն ասում է՝ հանդերձանքը ևս հավաստող գործոն է դարձել: Ընտանիքներից յուրաքանչյուրն ապրելու, կյանքից կառչած մնալու, կյանքին հավատալու իր բանաձևն է գտնում: Էդմոնի ընտանիքը ևս այն գտել է: «Մեր միակ մխիթարությունն Աստված է, գիտենք, որ հանդիպելու ենք Էդմոնին: Եթե չհավատանք դրան, ամեն ինչ շատ անիմաստ է դառնում: Մյուս կողմից՝ բոլորիս ապրելու շարժիչ ուժը դարձավ Արգիշտին: Եթե նա չլիներ, մենք երևի թե կխելագարվեինք:
Էդմոնը լրիվ այլ սիրով էր սիրում մեր փոքր եղբորը, բոլորից առավել: Տան փոքրն էր, իր հանդեպ սերն ու ուշադրությունն էլ այլ էր: Մինչև հիմա Արգիշտին պահպանում է նամակները, միշտ զրուցում էին, թե ինչ են արել օրվա ընթացքում, Էդմոնը նկարներ էր ուղարկում, ձայնային հաղորդագրություններ: Ասում էր՝ ախպե՛րս, սպասի, գալու եմ միասին լողի գնանք, ծրագրեր էին կազմել, թե ինչ են անելու և ուր են գնալու: Էդմոնը բանակ էր զորակոչվել հուլիսի 13-ին, երկու տարի անց նույն օրը պետք է զորացրվեր, իսկ հուլիսի 20-ին մեծ շուքով նշեինք իր վերադարձն ու մեր փոքր եղբոր ծննդյան օրը: Եթե Արգիշտին չլիներ, ես, անկեղծ, չգիտեմ, թե ծնողներիս ու իմ կյանքն ինչպիսին կլիներ: Եթե նա ինչ-որ տեղ է գնում ու մի քիչ ուշանում, բոլորս իրար ենք խառնվում: Եթե մեկ խոսքով ասեմ՝ մենք իրենով ենք ապրում, ինքն է մեզ ուժ տալիս: Եվ, իհարկե, Էդմոնի հետ մի օր հանդիպելու հույսը»:
Հ. Գ. — Էդմոն Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Աբովյանի պանթեոնում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում