«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսելով կառուցապատողների հետ կապված դատական հայցի մասին, նշել էր, թե «ոչ մի լավություն անպատիժ չի մնում» և «եթե մեր նկատմամբ վերաբերմունքն այդպիսին է, քաղաքապետարանն էլ իր համապատասխան վերաբերմունքը կարտահայտի»: Մեր ունեցած տեղեկություններով, խոսքն այն մասին է, որ քաղաքապետարանին դատի է տվել կառուցապատողների ասոցիացիան:
Պատճառն այն է, որ այս տարի կառուցապատողների համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ են սահմանվել, այդ թվում՝ APZ-ի՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճարի և այլ վճարների գծով: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքն ընդհանուր վաճառքի, այսինքն՝ շրջանառության 1 տոկոսի մասին է: Ու չնայած կառուցապատողներին ներկայացվել է, որ այդ գումարներն ուղղվելու են մայրաքաղաքի ենթակառուցվածքներին, սոցիալական ու կոմունալ այլ խնդիրներին, բարեկարգմանը, այդուամենայնիվ, կառուցապատողների ասոցիացիան որոշել է դատական կարգով վիճարկել ֆինանսական նոր պարտավորությունները:
Մեր տեղեկություններով, Ավինյանը հանձնարարել է խոշորացույցի տակ վերցնել նրանց գործունեությունը և անհրաժեշտության դեպքում խիստ միջոցներ կիրառել՝ պնդելով, որ մայրաքաղաքի բնակիչներին այդքան անհարմարություններ պատճառող ընկերությունները պետք է որոշակի սոցիալական պատասխանատվություն կրեն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում