«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնական է, որ 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը այս օրերի ամենաքննարկված թեմաներից մեկն է: Կարծիքները, տարբեր լինելով, խաչվում են մեկ կետում՝ այլ բան է հաստատված բյուջեն, այլ բան՝ դրա կատարողականը: Պետբյուջեի նախագծի, ներքև սլացող տնտեսական աճի ու պետտուրքերի չափն ավելացնելու նախագծերի մասին զրուցել ենք ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

— Պարո՛ն Գրիգորյան, 2024 թվականի բյուջեի նախագիծը շատ քննարկվեց: Կարծիքներ հնչեցին, որ սովորաբար այն, ինչ գրվում է բյուջեում, տարեվերջին հասկանում ենք, որ կյանքի չի կոչվել, օրինակ՝ մշտապես կապիտալ ծախսերի թերակատարում ենք ունենում և այլն: Ձեր դիտարկմամբ, ինչի՞ մասին է 2024 թ.-ի բյուջեն, ինչպե՞ս եք այն գնահատում:

— Առհասարակ, պետությունը իր քաղաքացիների նկատմամբ ունի շատ կոնկրետ պարտականություններ, որոնք եթե խմբավորենք, կստացվի հետևյալ կերպ. պետությունը պարտավոր է ապահովել համապարփակ անվտանգություն, լուծել նրանց սոցիալ-տնտեսական խնդիրներն ու ապահովել բոլոր տեսակի մարտահրավերներին պատրաստ քաղաքացիների ստեղծումը շատ կոնկրետ կրթամշակութային ծրագրերի ամբողջական իրականացմամբ։ Բյուջեները պետք է ուղղված լինեն այս ուղղություններով հաջողություններ գրանցելուն։ Մենք, ի վերջո, պետք է ունենանք անվտանգ միջավայր, իր երկիրը սիրող, ազգային գաղափարներով սնված առաջադեմ հասարակություն, որը կիրթ է և սոցիալապես ապահով։

Հիմա, եթե այս կոնտեքստով նայենք, ապա պետք է սահմանվեն առաջնահերթություններ՝ բարձրացնել անվտանգային համակարգերը, ստեղծել պահանջատեր հասարակություն և ապահովել ստացված միջոցների արդար բաշխման համար արդարության միջավայր։ Բյուջեում թվեր կան, որոնք իսկապես հարցեր են առաջացնում։ Աննախադեպ աճ են գրանցել կառավարության պահուստային ֆոնդին հատկացվելիք միջոցները, որից կարելի է ենթադրել, որ ֆորս-մաժոր է լինելու և ազդեցության թուլացման նպատակով արդեն նախատեսվել է մեծ գումար։ Բյուջե 2024-ում բացակայում են Արցախի Հանրապետությանը հատկացվող միջոցները, որը պետք է լիներ նաև այս պայմաններում, գումարները նախատեսվեին, որոշ մասը հատկացվեր պետական ինստիտուտների անխափան աշխատանքներն ապահովելուն և, ամեն տարի իրար գումարվելով, հավաքվեր անժամանցելի ծրագրի իրականացման համար։

Դուք ճիշտ նշեցիք, որ կապիտալ ծախսերը թերակատարվում են համարյա ամեն տարի, այս տարի ավելացել է նաև «դպրոցների հիմնում, բարելավում և կառուցում» ծախսային հոդվածը՝ ավելի քան 96,8 միլիարդ դրամով, իսկ նախընթաց տարիները թույլ են տալիս դատողություններ անելու, որ սրանք ևս կթերակատարվեն։ Այս բյուջեն թոզ փչելու փաստաթուղթ է, ինչպես նախորդները, և ձևավորվել է մի պրակտիկա, համաձայն որի, ծրագրերի թերակատարումն արձանագրվում է, և ոչ ոք չի կրում քաղաքական և բարոյական պատասխանատվություն։

— Վերջին օրերին փորձագիտական հանրույթը քննարկում է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղումը, քանի որ բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն է թուլանում: Ի՞նչ իրավիճակ ունենք այդ առումով: Ինչպե՞ս է կառավարությունը իր նախանշած տնտեսական աճի մոտ 7 տոկոսանոց ցուցանիշը պահպանելու:

— Երբ կառավարության անդամները նշում էին տնտեսական ակտիվության ցուցանիշների աճի մասին, նրանցից ոչ ոք չէր ասում, որ այդ աճի տեմպի ավելացումը իրենց հաշվարկը չէր, և այդպես էր, քանի որ գործող՝ 2023-ի բյուջեն քննելիս կանխատեսվում էր մինչև 7 տոկոս տնտեսական աճ, ՎԶԵԲԸ իր «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները» զեկույցում կանխատեսել էր 5 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ ավելի ցածր՝ 4,6 տոկոս ցուցանիշ։ Բայց ռուս-ուկրաինական պատերազմը և այդ պատճառով կիրառված տնտեսական սանկցիաները բերեցին ռե-իմպորտ և ռեէքսպորտ, որը էապես ավելացրեց պաշտոնական վիճակագրական թվերը առանց ռեալ, գետնի վրա շոշափելի արդյունքների։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ տնտեսության շիկացումը հետագայում բերելու է ցուցանիշների էական փոփոխության։

Հիմա պարզապես մեկնարկում է հակառակ պրոցեսը և դանդաղում է, որն արդեն տեղ է գտել պաշտոնական վիճակագրության մեջ սեպտեմբերից սկսյալ։ Որպեսզի կառավարությունը կարողանա ապահովել աճի որևէ ցուցանիշ, նախ պետք է ամենօրյա ռեժիմով աշխատի գործընկեր պետությունների հետ, օրինակ՝ մասնակցի ԵԱՏՄ բոլոր նիստերին, առաջ մղի հայկական շահը և դյուրացնի ներմուծման և արտահանման լուծումները։ Չի կարելի, և իրավունք չունեն մատների արանքով նայել այն ամենին, ինչ կատարվում է Վերին Լարսում։ Հայաստանը մի արտահանման ճանապարհը չի կարող և չպետք է փոխարինի մյուսով։

Հայաստանը իր ունեցած ուղղությունները պետք է զարգացնի, կարգավորի փոխադարձ տնտեսական հարաբերությունները, նոր մտածի այլ ուղիների մասին։ Արձանագրենք ևս մեկ կարևոր հանգամանք, որ այն, ինչ անվանում են խաչմերուկ, պարզապես իրենց ցանկությունների շարքից է, շատ հեղհեղուկ և անվստահության բարձր դոզա ունի իր մեջ։ Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը, բյուջետային աջակցության վարկերով այն կաճի նաև 2024 թվականին։

— Տուրքերի բարձրացման քաղաքականություն է վարում կառավարությունը, օրինակ՝ բարձրացնում են դատարան դիմելու տուրքը, անհիմն դատական հայցեր ներկայացնելու համար տուրք են սահմանում, այլ ոլորտներում ևս նման քաղաքականություն է: Սրանով նպատակ ունեն բյուջեն «լցնելո՞ւ», ընդ որում, որպես հիմնավորում, նշում են, որ քաղաքացիների սոցիալտնտեսական վիճակը բարելավվել է:

— Տուրքերն առհասարակ որևէ կոնկրետ ոլորտի զարգացման կամ ոչ բարենպաստ հետևանքների վերացման և գործունեության շարունակականության ապահովման գաղափար ունեն։ Քանի որ մեր հասարակությունը իր կենսամակարդակով հեռու է զարգացած երկրների ցուցանիշներից, ապա մեր մոտ սկզբում պետք է կարգավորել համակարգերը, նոր անդրադառնալ տուրքերին։ Մեր քաղաքացիների՝ առանց այդ էլ նվազ եկամուտները մի շարք ծախսերով ծանրացնելը բացասական ազդեցություն է ունենալու նրանց սոցիալական վիճակի վրա։ Մի շարք ոլորտներում հոկտեմբերի վերջի դրությամբ գնաճը կազմում է՝ տրանսպորտ՝ 2,7 տոկոս, առողջապահություն՝ 1,9 տոկոս, կրթություն՝ 4,8 տոկոս։

Տուրքերից բացի, հունիսի 26-ին նորից ավելացվել են անուղղակի հարկերը, որը գործելու է 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի փոփոխությունների հիմնավորումների մեջ գրում են եվրոպական մի շարք երկրներում կիրառությունները, բայց այդ դեպքում մեր քաղաքացիների թոշակն ու աշխատավարձերը ևս պետք է հասցնել այդ մակարդակին։ Ամեն տարի տուրքերն ավելացնելով՝ մարդիկ ավելի ու ավելի խեղճ են ապրելու։ 2022 թվականի վերջում բարձրացվեցին տեղական տուրքերը, այս տարի նորից փոփոխության են ենթարկում տուրքերի մասին օրենքները, պարզապես փող հավաքելու գործընթաց է։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում