Դատարկ աղմուկի ու «վեճերի» մեջ… մանրացած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շշմեցուցիչ է, բայց իրականություն. երևի մի երկու շաբաթ կլինի, որ «ֆեյսբուքահայությունը» ալեկոծվում է Ավետ Բարսեղյանի ու Սոֆի Դևոյանի որոշ արտահայտություններից կամ, եթե կուզեք, ձևակերպումներից: Աբսուրդ է, բայց փաստ: Մարդիկ վիճում են՝ խռպոտելու աստիճան, դատափետում «թեմա տվողին», ծավալվում, աղմկում: Դե, մնում էր նրանց ծանոթացնել մարկեսյան «գնդակահարության պատի» հետ (մեղմ ասած): Դառը իրականությունն այն է, որ հազարավոր մարդիկ պարզապես «հարմար թեմա» են գտել ինքնադրսևորվելու համար: Ի լրումն, «քննարկման», «ատելության դրսևորման» նոր ու, ամենից կարևորը, «անշառ» թիրախ էր հայտնվել, որին պետք է «գամել անարգանքի սյանը»:

Անշառ թիրախ, որովհետև, օրինակ՝ Ավետի հասցեին ինչ-ինչ արտահայտություններ անելու, «լայքելու» կամ «դիսլայքելու» համար ոչ ոք գործից չի ազատվելու, ոստիկանությունը ոչ մեկին չի հետապնդելու, ոչ մեկին քրեական պատասխանատվության չեն ենթարկելու: Դե, դա էլ հո Նիկոլ Փաշինյանը չէ… Բայց այդ «ալեկոծությունների» մյուս կողմն էլ կա: Կողքից նայողին կարող է թվալ, թե այս մարդիկ, այս հասարակությունը ուրիշ ոչ մի դարդուցավ չունի: Չէ, ամեն մարդ էլ, հանրային դաշտում ճանաչելի մարդիկ ներառյալ, կարող են թե՛ սխալվել, թե՛ անհաջող արտահայտություն անել: Ընդ որում, այդ «սխալվելն» ու «վիճելին» շատ հարաբերական ու սուբյեկտիվ են, մարդիկ իրենց կարծիքն են հայտնել: Բայց եթե նույնիսկ համարենք, որ սխալվել են: Ու՝ ի՞նչ:

Կներեք, Ավետ Բարսեղյանի կամ Սոֆի Դևոյանի արտահայտության հետանքով, ի՞նչ է, Արցախն ու Հայաստանը պատերազմական աղետի մե՞ջ են ընկել: Դրա՞ հետևանքով են ավելի քան 5000 երիտասարդներ զոհվել: Ի վերջո, այդ արտահայտությա՞ն հետևանքով է Հայաստանն աղետի տակ ընկել, թե՞ դրա հետևանքով է Արցախը շրջափակվել, ապա՝ հայաթափվել ու հանձնվել թշնամուն: Հա՞: Երբեմն տպավորություն է, որ այսպիսի աղմուկ բարձրացրածներից շատերը երևի թե Փաշինյանի բերած վերոնշյալ ողբերգություններից այդքան դժգոհություն, ալեկոծություն, այդքան հույզեր չեն արտահայտել:

Իսկ որ Ավետ Բարսեղյանը կամ Սոֆի Դևոյանը մի արտահայտություն են արել, այ, դա այնպիսի՜ մի բան է, որի կողքով ոչ մեկը չի կարող անտարբեր անցնել: Դա ի՞նչ է, ինքնադրսևորման միջո՞ց, իրականությունից փախչելու, ինքզինքը «անշառ թեմաներով» զբաղեցնելու մղո՞ւմ, թե՞ կայացած, հաջողակ մարդկանց ատելու հերթական դրսևորում: Սեփական հողը ոտքներիս տակից փախչում է, մենք նստած ինչե՜ր ենք քննարկում: Շշմեցուցիչ է, բայցև հատկապես այն կոնտեքստում, թե ինչին է հետևում ու հավատում մեր հասարակությունը նույն այդ սոցցանցերում, երևի նաև՝ օրինաչափ: Ցավոք…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում