Բաքվում դժգոհել են, որ Հնդկաստանը զենք է վաճառում Հայաստանին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Հնդկաստանի կողմից Հայաստանին զենքի վաճառքը։

«Մենք տեղյակ ենք Հնդկաստանից Հայաստան զենքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների մասին, բայց ուզում եմ ասել, որ Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ նա երբեք չի կապում Հայաստանին զենքի մատակարարումը այն փաստի հետ, որ Ադրբեջանը բարեկամ է Թուրքիայի և Պակիստանի հետ։

Ասում են, որ դրան նայում են որպես կոմերցիա, այլ ոչ թե վնասարարություն Ադրբեջանի նկատմամբ։ Սա նրանց պաշտոնական դիրքորոշումն է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը չի կարող դրան նայել որպես զուտ կոմերցիա։

«Եվ մենք գիտենք, որ Հայաստանում ռեւանշիստական ​​տրամադրությունները դեռ ուժեղ են, և զենքի նման մատակարարումներն էլ ավելի են ամրապնդում դրանք»,- նշել է նա։