Գործարկվել է ռազմավարական նշանակության կապուղի. վթարների դեպքում Հայաստանն առանց ինտերնետ չի մնա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քիչ չեն եղել դեպքերը, երբ Հայաստանում ինտերնետ հասանել իության խնդիրներ են ծագել՝ կապուղու՝ երկրից դուրս գտնվող հատվածներում վթարների պատճառով:

Ըստ այդմ, միշտ արդիական է այլընտրանքային կապուղիների հարցը: Եվ ահա, պարզվում է՝ Team Telecom Armenia-ն, որը ինտերնետի արտահանման տարանցիկ երկիր է դարձել Մերձավոր Արևելքի 5 երկրի համար, գործարկել է Հայաստանի համար ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին, որը կդիվերսիֆիկացնի երկիր մուտք գործող ենթակառուցվածքները՝ բարձրացնելով ինտերնետի անվտանգության մակարդակը։ Ավելի քան 1 Տբ/վ թողունակությամբ նոր կապուղին Հայաստանը Եվրոպայի ամենամեծ տվյալների փոխանակման կենտրոնին՝ Ֆրանկֆուրտին է կապելու Վրաստանով և Ռուսաստանով՝ այլընտրանքային դառնալով արդեն գործող Վրաստան-Սոֆիա կապուղուն, որն անցնում է Սև ծովի հատակով:

«Վերջին երկու տարվա ընթացքում մենք զգալիորեն բարելավել ենք Հայաստանում գործող մագիստրալ ենթակառուցվածքները` նվազագույնի հասցնելով վթարների քանակը, սակայն երկրից դուրս դրանք, միևնույնն է, մնում են անվերահսկելի: Շահագործելով նոր կապուղիներ՝ մենք կանխում ենք միջազգային վթարների դեպքում ինտերնետ հասանելիության խնդիրը և ունենում ռեզերվային ևս մեկ ուղի` բարձրացնելով ինտերնետի հուսալիության ու տեղեկատվական անվտանգության մակարդակը»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում