«Փաստ» օրաթերթը գրում է.
2023 թվականի տվյալներով, Հայաստանում գործող գրեթե բոլոր առևտրային բանկերն ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում: 17 բանկերը պետբյուջե են վճարել 131,2 մլրդ դրամ, որը կազմում է 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի մոտ 7,7 տոկոսը, ինչը մոտ 3,5 տոկոսով ավելի է, քանի 2022 թ. ցուցանիշը: Ուշագրավ է, որ առաջին անգամ հայաստանյան բանկերը հայտնվել են լավագույն տասնյակում: Ոլորտի առաջատարը «Ամերիաբանկն» է, որը վճարած 25,72 մլրդ դրամ հարկով 1000 խոշոր հարկատուների ցանկում 7-րդ տեղում է:
Ի դեպ, նշենք, որ ՀՀ բանկային համակարգի համար «Ամերիաբանկի» կողմից գրանցվել է աննախադեպ ցուցանիշ. բանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ: 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ 8-րդը, իսկ բանկերի մեջ՝ 2-րդը Արդշինբանկն է՝ մոտ 24,8 մլրդ դրամ հարկով: Ի դեպ, Արդշինբանկը 2023 թ. դրությամբ վճարած հարկերի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրած բանկն է. 2022 թ. համեմատ նախորդ տարի բանկն ավելի է պետբյուջե վճարել մոտ 15,5 մլրդ դրամ։ Բանկային համակարգում երրորդը «Ակբա» բանկն է՝ 13,25 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022 թ. համեմատ արձանագրվել է հարկերի աճ 5,84 մլրդ դրամով։
Հաջորդը «Ինեկոբանկն» է՝ վճարած մոտ 9,9 մլրդ դրամ հարկով։ Աճը կազմել է 4,63 մլրդ դրամ։ Լավագույն 50-յակում են նաև «Կոնվերս» բանկը՝ վճարած 7,74 մլրդ դրամ հարկով (աճը՝ մոտ 3,9 մլրդ դրամ), «ԱյԴի» բանկը՝ 6,29 մլրդ դրամ հարկով (աճը՝ մոտ 3,7 մլրդ դրամ): 2022 թվականի համեմատ տոկոսային առումով ամենամեծ աճն արձանագրել է «Էվոկաբանկը»: Այս ցուցանիշով բավական տպավորիչ արդյունք է գրանցել նաև «Յունիբանկը»՝ մոտ 58 տոկոս: Հավելենք, որ լավագույն հարյուրյակում են նաև «ՎՏԲ-Հայաստան բանկը»՝ մոտ 3,9 մլրդ դրամ վճարած հարկով, ԱՄԻՕ բանկը (նախկին՝ «Հայբիզնեսբանկ»)՝ մոտ 3,5 մլրդ դրամ, և «Ֆասթ» բանկը՝ մոտ 3,2 մլրդ դրամ հարկով։
Ի դեպ, վերջինիս ցուցանիշն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում. բանն այն է, որ «Ֆասթը» որպես բանկ է գրանցվել ընդամենը մոտ մեկ տարի առաջ, բայց այդ կարճ ժամանակամիջոցում հայտնվել է խոշոր հարկատուների լավագույն հարյուրյակում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում