Առնվազն 25 մարդ է զոհվել Աֆղանստանի արևելքում սողանքի հետևանքով

Առնվազն 25 մարդ է զոհվել Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում սողանքի հետևանքով։ Այս մասին հայտնում է Etilaatroz թերթը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյային։

Նրա խոսքով, փլատակներից դուրս են բերվել 25 զոհված տեղի բնակիչների մարմինները, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։ Նա նշել է, որ էլի մարդիկ կարող են մնացած լինել տների փլատակներում։

Ընդհանուր առմամբ ավերվել է մոտ 25 տուն, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հավելել է թերթի աղբյուրը։

Սողանքը տեղի է ունեցել փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը, այն կարող էր պայմանավորված լինել ձյան երկարատև տեղումներով, գրում է հրատարակությունը։