«Փաստ» օրաթերթը գրում է.
«Բարև, Սասունցի Դավիթ: Դու շատ համարձակ, ներողամիտ, ազնիվ և քաջ ես: Ես կցանկանայի, որ իմ ընկերը լինեիր, սովորեիր մեր դասարանում: Ես կսովորեցնեի քեզ գրել, կարդալ, և դու կիմանայիր, որ Մսրա Մելիքի նման խարդախները միշտ պարտվում են: Եվ դու չէիր ընկնի Մսրա Մելիքի ծուղակը: Այսպիսով, ավարտում եմ նամակս: Քեզ հարգող, միշտ հիշող Ստեփանյան Արամ»: Արամը 2005 թ.-ին՝ երրորդ դասարանում նամակ է գրել Սասունցի Դավիթին: Նամակի վերջում ավելացրել է ամսաթիվն ու հայրենի քաղաքի՝ Արտաշատի անունը: Տարիներ անց մայրիկը գտել է նամակը, մասունքի պես պահում է այն: Աշխույժ ու ակտիվ Արամը հայրենասեր էր, ընկերասեր, արդարամիտ, ճշմարտության համար պայքարող: «Չնայած աշխուժությանը, ամեն ինչի մեջ չէր ընկնում, փորձում էր շատ լսել, երբ պետք էր, խոսում էր: Կռվարար չէր, հակառակը՝ սիրում էր բոլորին հաշտեցնել: Դպրոցում լավ էր սովորում: Եվ անգամ կարող էր ուղղումներ անել: Օրինակ՝ մի օր քիմիայի ուսուցչուհուն ասել էր, որ խնդիրը սխալ է գրել, պատասխանն էլ սխալ է ստացվելու: Դե, ուսուցիչներն էլ չեն սիրում, երբ իրենց ուղղում են»,զրույցի ժամանակ ասում է տիկին Ջավահիրը՝ Արամի մայրիկը:
Նրա խոսքով, ինչպես ուսուցիչները ներկայացնում էին դասը, նույն կերպ Արամը մատուցում էր, գիրքը կարող էր չբացել: «Առարկաներից սիրում էր Հայոց պատմությունը: Շատ էր սիրում, երբ իր համար ընթերցում էի, ավելի լավ էր ընկալում: Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ էի ընթերցում, հաճույքով լսում էր: Սիրում էր մաթեմատիկան: Հինգ տարեկանում մինչև իննի աղյուսակը գիտեր: Պապիկն էր սովորեցրել: Անգիր անել չէր սիրում, պետք է հասկանար այն, ինչի մասին գրում էր, այն, ինչ պատմում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արամի մայրիկը:
Դպրոցին զուգահեռ Արամը նաև սպորտի է հաճախել, բայց ըմբշամարտից հրաժարվել է և ստիպել ծնողներին իրեն շախմատի տանել: «11 տարեկան էր, ուսուցիչն ասաց, որ ավելի վաղ տարիքից պետք է շախմատի հաճախել: Հետո հավելեց՝ երկու հարց կտամ, եթե հասկանամ, որ ընդունակ է, կվերցնեմ իրեն որպես աշակերտ: Արդյունքում Արամը սկսեց հաճախել շախմատի դասերի: Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան դպրոցի անունից մասնակցել են շախմատային մրցաշարերի, իրենց՝ երեք տղայից և մեկ աղջկանից կազմված խումբը երեք անգամ մեդալի է արժանացել: Վերջին անգամ մրցումների էին մասնակցում Արցախում: Բժշկական համալսարանում սովորելու տարիներն էլ շախմատային մրցումների էր մասնակցել, մեդալի արժանացել»: Դեռ ատամհատիկին է Արամն ընտրել բժշկի մասնագիտությունը: Տիկին Ջավահիրի խոսքով, որդին նաև շատ էր ազդվել, երբ տարիներ առաջ սխալ վիրահատության հետևանքով պապիկը կուրացել էր:
«Ասում էր՝ այնքան լավ բժիշկ պետք է լինեմ, որ նման սխալներ թույլ չտամ»: Արամն ընդունվում է Բժշկական համալսարան, ինչն ընտանիքի համար մեծագույն ուրախություն էր: «Սիրում էր բարձր կուրսերի հետ դասի նստել, երբ իրեն ասում էի, որ չի կարելի, դժգոհում են, պատասխանում էր՝ մա՛մ, ինձ հետաքրքիր է»: Արամը սովորում էր ռազմաբժշկական ֆակուլտետում: «Ամեն տարի ռազմաբժիշկներին 2 ամսով տանում էին զորամասեր: Արդարություն էր ուզում հաստատել ամենուր, զորամասերից մեկում զինվորներին տրված ուտելիքի գույնն այլ էր եղել, իրեն դուր չէր եկել: Արամն ընդդիմացել էր, առհասարակ, փորձում էր օգտակար լինել զինվորներին ինչով կարող էր»: Տիկին Ջավահիրի խոսքով, 2019 թ.-ի քննություններից մեկի պատասխանները դասախոսը լիարժեք չի համարում, քննությունը չի նշանակում:
«Արամին զորակոչեցին ծառայության: Կարգն էր այդպիսին: Ծառայելուց հետո պետք է վերադառնար, հանձներ իր քննությունը: Մեկնեց Ջրական՝ որպես ռազմաբժիշկ: Արամս տարված էր վնասվածքաբանությամբ: Ընտրել էր այդ մասնագիտացումը: Վնասվածքաբան-օրթոպեդ Լևոն Ժամագործյանի հետ երեք անգամ մասնակցել է վիրահատությունների: Տղաները պատմում են, որ եթե ձեռքի տակ գործիքներ ունենար, հենց մարտի դաշտում վիրահատություններ կաներ, կապում էր, ֆիքսում վնասվածքները, օգնում բոլորին»: Սկսվեց պատերազմը: «Նախքան պատերազմական օրերի մասին պատմելը, նշեմ, որ Արամս պետք է արձակուրդ գար, սակայն օրերը «հավաքում» էր, որպեսզի եղբոր նշանդրեքին տանը լիներ: Ինձ հետ զրույցում նաև հասկացրեց, որ իր ընկերուհու տուն էլ պիտի գնանք: Ուրախությանս չափ չկար: Օգոստոսին զանգեց, ասաց, որ ուզում է հետախուզության դասակում ծառայությունը շարունակել: Հարցրեցի, թե ինչու, ասաց, որ դեռ մտածում է, բայց օրդինատուրա ընդունվելու ժամանակ դա արտոնություն կդառնա անվճար սովորելու համար: Ընթացքում զրուցում էինք, իրեն ավագ սերժանտի կոչում էին տալու, հրամանը գալու էր սեպտեմբերի 25-ին, այդ ժամանակ էլ սերժանտի կոչումով պետք է տուն գար:
Սեպտեմբերի 23-ին զանգեց՝ մա՛մ, շատ խառն եմ, կզանգեմ: Բայց գլխի չէի ընկնում, թե ինչ է կատարվում: Հետո արդեն իմացանք, որ սեպտեմբերի 25-ին իրենց զորամասից հրետանին դուրս են բերել, թաքցրել, բայց դրա տեղը թշնամին ևս իմացել է: Սեպտեմբերի 27-ին արդեն եղբորն է զանգել՝ ապե՛ր, կռիվը սկսվել է, մամայենց լավ կնայես: Երբ եղբայրը հարցրել է, թե որտեղ է, արձագանքել է՝ տարբեր տեղեր, չեմ կարող ասել: Մեծ տղաս ասել է, որ ջոկատով կմիանան իրենց, իսկ Արամը խորհուրդ է տվել՝ ապե՛ր, զգույշ կլինես: Արամը վստահ էր, որ եղբայրը գնալու է իր մոտ»: Երկրապահների խմբով տիկին Ջավահիրի ավագ որդին սեպտեմբերի 30-ին արդեն Ջրականում էր: «Տղաներն անտառներում են եղել, թփերում, Արամն իր ընկերներին ասել է՝ եթե մեզ ձայն տան, մինչև եղբայրս անունը չտա, դուրս չենք գալու, գիտեմ, որ եղբայրս ջոկատով գալու է: Եվ միայն Զորոյի անունը լսելուց հետո են տղաները թաքստոցից դուրս եկել: Սեպտեմբերի 29-ին ինձ հետ խոսել է՝ մա՛մ, հեռախոսիս քարտը և իմ բանկային քարտը անվավեր ճանաչիր, որովհետև դուրս ենք եկել զորամասից ու ամեն ինչ թողել այնտեղ, թող օտարի ձեռքը ոչինչ չընկնի: Արամն ասաց, որ թշնամին մտել է զորամաս, իսկ զինվորները կարողացել են հակառակ կողմից դուրս գալ: Կարող ենք, չէ՞, կասկածներ ունենալ, որ թշնամին հստակ իմացել է, թե ուր է գալիս»:
Հոկտեմբերի 1-ին մայր ու որդի զրուցել են: Տիկին Ջավահիրն ասում է՝ որդու ոգին տեղն էր, մեկ րոպե անգամ չի մտածել նահանջի մասին: Արամի ավագ եղբայրը շրջափակման մեջ է հայտնվել 12 օր, իսկ Արամի ուղղությունը դեպի Ջրական էր, նշել է, որ շատ լավ տղաների հետ է ծանոթացել: Նախքան այդ հասցրել է լինել Կարմիր շուկայում և այլ վայրերում, օգնություն ցույց տալ զինվորներին: Կյանքեր է փրկել, իր ձեռքերի վրա նաև զինվոր է մահացել, ինչն ընկերների խոսքով մեծագույն ցավ էր Արամի համար, որ չկարողացավ փրկել, որ ինչ-որ բան անելն իր ուժերից վեր էր: Ճակատագի՞ր է, թե՞ ինչ, բայց երկու եղբայր իրար մոտ են եղել, մի քանի դիրք այն կողմ, բայց անտեղյակ եղել դրանից: Մայրիկի խոսքով, չեն ունեցել ռացիա, անհրաժեշտ իրեր, զենք:
Հոկտեմբերի 3-ի լուսադեմին Արամը Ջրականում անմահանում է, ասում են, որ ձեռնամարտի են բռնվել թշնամու հետ: Արամը տուն է «վերադառնում» 11 ամիս անց: Մի քանի ԴՆԹ հետազոտություն է իրականացվել, բայց, ի վերջո, ընտանիքը Սևանի դիահերձարանում է «գտել» որդուն: Արամը ճանաչելի չի եղել, մայրիկի խոսքով, ասել են. «Ձեր որդին է, եթե «չվերցնեք», եղբայրական գերեզմանատանը կհուղարկավորենք»: Բժիշկ Արամի մասին զրույցը լուսավոր, ցավոտ, բազում անպատասխան հարցերով ստացվեց: «Մինչև հիմա չեմ հավատում, որ Արամս էր, սպասում եմ, որ գալու է, երևի դա է ուժ տալիս: Չգիտեմ՝ մայրական սի՞րտս է, թե՞ ինչ, բայց չեմ հավատում: Անընդհատ խոսում եմ իր հետ, բայց կարոտը խեղդում է: Մի խոսք ուներ, ասում էր՝ մեր երկիրը դեպի լավը պետք է փոխեմ, չգիտեմ, թե ինչո՞ւ էր նման բան ասում»:
Հ. Գ. — Արամ Ստեփանյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և ԵԿՄ-ի «Հայրենիքի պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում