Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը ստիպում է ազգային ուժերին՝ բոլոր ջանքերը ներդնել լայն համախմբում իրականացնելու, գործող իշխանությունների դեմ պայքարին նոր շունչ հաղորդելու համար։ 2020 թ. հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվեց տարբեր եղանակներով մնալ ղեկին և շարունակել վտանգել Հայաստանի անվտանգությունը, իսկ ընդդիմադիր խորհրդարանական ուժերը բավարար կերպով չկարողացան պայքարել ապիկար և դավաճան իշխանությունների դեմ, հանրային լայն համախմբումն ավելի ու ավելի անհրաժեշտ է դառնում։
Համազգային համախմբման փորձ է ձեռնարկել նաև «Համահայկական ճակատ» շարժումը՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, որին բազմաթիվ ուժեր են միացել։ Կարելի է արձանագրել, որ առ այսօր սա դաշտը կոնսոլիդացնելու ամենահաջողված փորձն է, և Կարապետյանի շուրջ միավորումը հսկայական թափ է հավաքում:
Օրերս շարժմանը միանալու հայտարարություն արեց նաև հանրությանը հայտնի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը` Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ։ Շատ կարևոր է, որ այս երկու գործիչներն անցել են բոլոր պատերազմների բովով, հետևաբար լավ են պատկերացնում մարտահրավերներն ու լուծման ուղիները։
Արցախյան բոլոր պատերազմներին ակտիվորեն մասնակցած «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ստեղծած միավորումը կարող է նշանակային դառնալ, բացատրել այլ քաղաքական միավորներին, հանրության շրջանում հեղինակություն վայելող գործիչներին՝ միավորվելու ընդհանուր գաղափարի շուրջ։ Իսկ հայ հանրությունն էլ, որ պատերազմում կրած պարտությունից հետո խորը հիասթափության մեջ է գտնվում, ապատիան թոթափելու ևս մեկ, ու մեծ հույս կստանա։ Տարաձայնությունները այլևս անհարիր են ընդդիմադիր միավորումներին. նեղ անձնական կամ կուսակցական շահերից վեր կա Հայաստան, հանուն որի պայքարել են հազարավորները, այսօր էլ ավելի մեծ թափով է հարկավոր պայքար մղել ներքին ու արտաքին թշնամիների դեմ։