Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումը. Պեսկով

Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կանոնադրության կողմ չենք, չենք ճանաչում այն», — երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՄՔԴ որոշումը՝ ռուսական հեռահար ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշի և Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Վիկտոր Սոկոլովի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու վերաբերյալ։

«Մենք նաև գիտենք, որ այնտեղ տեղի են ունենում տարբեր փակ գործընթացներ, որոնք կատարվում են գաղտնի, մենք նման որոշումներին համապատասխան վերաբերվում ենք», — ասել է նա։

ՄՔԴ-ն որոշում է կայացրել Կոբիլաշի և Սոկոլովի դեմ օրդեր տրամադրել «Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում՝ կապված ենթադրյալ հանցագործությունների հետ, որոնք կատարվել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև առնվազն 2023 թվականի մարտի 9-ը»։

2023 թվականին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային: