«Փաստ» օրաթերթը գրում է.
Sevastopol.su-ն «Փաշինյանն ու տխուր հեռանկարները. ինչպե՞ս է այս վիճակից դուրս գալու Հայաստանի վարչապետը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրել է ՀԱՊԿ-ի հետ իր երկրի դե յուրե հարաբերությունների հնարավոր սառեցման մասին։ Հարկ է հիշեցնել, որ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարություններ են հնչել, որոնցում Փաշինյանի կառավարությանը խնդրել են որոշել ՀԱՊԿ կառույցներում մնալու հարցը։ Պետք է հասկանալ, որ այն ամենի մեջ, ինչ կատարվում է Հայաստանում և ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, կա ևս մեկ կետ, որը հաճախ բաց են թողնում Ռուսաստանում: Իսկ դա Հայաստանի ներքաղաքական օրակարգն է։
Ընդ որում, Փաշինյանի գործողությունները ոչ վերջին աստիճանի են թելադրված դրանով։ Անցած տարվա վերջից նա ակտիվորեն պատրաստվում էր արտահերթ ընտրությունների ու հանրաքվեի, բայց հիմա ոչ պակաս ակտիվորեն փորձում է հետ կանգնել այդ ամենից։ Դրա պատճառը մի շարք սոցիոլոգիական ուսումնասիրությունների և «հիվանդանոցում միջին ջերմաստիճանի» այլ չափումների արդյունքներն են։
Արդյունքում Փաշինյանի թիմը եզրակացրել է, որ Փաշինյանը և իր կուսակցությունն այլևս հնարավորություն չունեն դառնալ խորհրդարանական մեծամասնություն։ Իսկ դա անվերապահ նշանակում է, որ նրանց դիրքերը երկրում վտանգի տակ են։ Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Իրավիճակի մյուս կողմն էլ կա: Փաշինյանի համար գլխավոր վտանգն ինքնին վարկանիշի անկումը չէ: Իրականությունն այն է, որ այժմ նրա քաղաքական ուժը միակն է, որն իսկապես կա Հայաստանում։ Բայց օր օրի ավելի ու ավելի է հավանականությունը, որ նոր ուժ կհայտնվի, որը կկարողանա արտաքին աջակցություն ստանալ։ Օրինակ՝ Ռուսաստանից։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը ստանձնել է պարտավորություն ոչ միայն բնակչության, այլ Արևմուտքի սեփական տերերի նկատմամբ այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ավելին, նա նաև պարտավորվել է Ադրբեջանին՝ ընդունել նոր Սահմանադրություն, որով պաշտոնապես կհրաժարվի Արցախից։
Գուցե և ոչ միայն նրանից։ Եվ եթե արևմտյան կուրատորների դեպքում Փաշինյանը դեռ կարող է հերթական խաբեությունը կատարել (ինչպես նա արդեն բազմիցս արել է), ապա ինչ վերաբերում է Իլհամ Ալիևին, ապա նրա նկատմամբ «շուկայական խաբեությունը» կարող է ավարտվել ամենատհաճ բաներով, այսինքն՝ պատերազմով: Իհարկե, Փաշինյանը փորձելու է նման պատերազմը շուռ տալ Ռուսաստանի դեմ՝ հերթական անգամ մեղադրելով նրան բոլոր մահացու մեղքերի մեջ։ Սակայն նա նաև հասկանում է, որ այդ սցենարով նման պատերազմը կդառնա իր անձնական ավարտը: Եվ դա միանգամայն իրական է։ Այնպես որ, պարոն Փաշինյանը հիմա շախմատային լեզվով ասած «պատառաքաղի մեջ է»: Ինչ արդյունք էլ լինի, նա կարող է իրեն հնարավորինս վատ զգալ։ Տեսնենք, թե նա ի՞նչ կընտրի և ինչպե՞ս կաշխատի դուրս գալ այս ամենից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում