Մակրոնը, Շոլցը և Տուսկը մարտի 15-ին Բեռլինում կհանդիպեն Ուկրաինայի հարցով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մարտի 15-ին Բեռլինում կհանդիպեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ինչպես նշում է հրատարակությունը, կեսօրին ֆրանսիացի և գերմանացի քաղաքական գործիչները երկկողմ հանդիպում կանցկացնեն, որից հետո նրանց կմիանա Լեհաստանի վարչապետը։

Politico-ն նշում է, որ սա կլինի Վայմարյան եռանկյունու առաջին հանդիպումը այն բանից հետո, երբ Տուսկը ստանձնել է կառավարության ղեկավարումը 2023 թվականի դեկտեմբերին։

Հրատարակության աղբյուրի համաձայն՝ հանդիպման նպատակն է ցույց տալ առաջնորդների միասնությունը ուկրաինական հարցի շուրջ աշխատելու հարցում՝ մամուլում տարաձայնությունների խորացման մասին լուրերի ֆոնին։

Փաստաթղթերի ստորագրում կամ կոնկրետ պայմանավորվածությունների հայտարարություն, գրում է թերթը, չի նախատեսվում։