Կապի ո՞ր օպերատորի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել 1 միլիոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Հայաստանի կապի երեք օպերատորն էլ 1000 խոշոր հարկատուների ցանկում լավագույն երեսնյակի մեջ են: Ավելին, «Յուքոմն» ու «Տելեկոմ Արմենիան» («Թիմ») անցած տարի ավելացրել են հարկերը: Թեմայի հետ կապված հայտնի են դարձել նոր մանրամասներ՝ ի մասնավորի կապված «Տելեկոմ Արմենիայի» հետ: Պարզվում է՝ 2023 թ. 4-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 5,18 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ եկամուտների ծավալն աճել է 1 %-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3,4%-ով կամ 168,4 մլն դրամով։ Ինչ վերաբերում է տարեկան ցուցանիշներին, ապա 2023 թ.-ին շարժական կապից ստացված եկամուտները 2022 թ.-ի համեմատ աճել են 1,6%-ով և կազմել 19,4 մլրդ դրամ։

Ի դեպ, «Թիմի» շարժական կապի բաժանորդների թիվը 2023 թ. 4-րդ եռամսյակում կազմել է 1 մլն 44 հազար 939, որը 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ ավելի է 9 %-ով կամ 86646 բաժանորդով, իսկ 2023 թ. 3-րդ եռամսյակի համեմատ՝ 4,2%-ով կամ 42376 բաժանորդով։ 2023 թ.-ի տվյալների համաձայն «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25,6%-ը։ Ավելին, զգալիորեն աճել է հեռախոսի միջոցով շարժական ինտերնետ օգտագործող բաժանորդների թիվը՝ 660731։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 11,5%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 5,9 %։ 2023 թ.-ի 4-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիան» ամրակցված կապից ստացել է 3,8 մլրդ դրամ եկամուտ։

2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ 2023թ.-ի 4-րդ եռամսյակի եկամուտների ծավալն աճել է 5 %-ով, իսկ 2023 թ.-ին ամրակցված կապից ստացվել է 14,62 մլրդ դրամ եկամուտ։ Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի դրությամբ 94,8 հազար է. 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2 %-ով: 2023 թ.-ի արդյունքում «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32,1 %-ը, նաև շուկայի՝ ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված եկամուտների 23,1%-ը։

Ի դեպ, ուշագրավ է, որ ընկերության եկամուտներն աճել են նաև սմարթֆոնների և աքսեսուարների վաճառքի գծով: Այս մասով եկամուտները կազմել են 1,1 մլրդ դրամ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 19,9 %-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 69,2 %։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում