Կիևը մտադիր չէ որևէ լրացուցիչ համաձայնագիր կնքել կամ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրը, որը կգործի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս մասինազգային հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն:
Նա նաև ընդգծել է, որ ուկրաինական գազափոխադրման համակարգը, այդ թվում՝ ստորգետնյա գազապահեստարանների համակարգը, անցած տարի անցել է «սթրես-թեստ» և պատրաստ է գործել առանց Ռուսաստանից գազի տարանցման։ Էներգետիկայի նախարարը չի պարզաբանել, թե արդյոք հնարավոր կլինի շարունակել Ռուսաստանից գազի փոխադրումը՝ շրջանցելով ռուսական «Գազպրոմի» հետ պայմանագրերը, սակայն նշել է, որ ԵՄ երկրները ռուսական գազից արագ հրաժարվելու հաջող փորձ ունեն։
Գալուշչենկոն նշել է, որ այսօր շուկայում ռուսական գազին բավական այլընտրանքներ կան, և եվրոպական մի շարք երկրներ արդեն բռնել են այդ ճանապարհը։ Մասնավորապես, ըստ նրա, Գերմանիան վերջին մեկուկես տարվա ընթացքում գրեթե զրոյացրել է իր կախվածությունը ռուսական գազից։ Նախարարը հավելել է, որ Ուկրաինան նաև ակտիվորեն ուժեղացնում է իր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը, այդ թվում՝ մեծացնելով ներքին գազի արդյունահանումը։